«Անկախ դիտորդը» ահազանգել էր, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին եւ հակաքարոզչություն իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր: Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը: Նաեւ ահազանգ կար, որ «Իմ քայլը» դաշինքի անդամները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր:
Այս առնչությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրում են, թե ինչ է կատարվել 2/4 ընտրատեղամասում ու կպարզաբանեն: Ավելի ուշ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է քննադատություններին. «Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր։ Պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար»։ Ինչ վերաբերում է 2/4 ընտրատեղամասում գրանցված միջադեպին՝ Կոստանյանի խոսքով՝ «Մեր իսկ վստահված անձը կարձանագրի, որ հանձնաժողովի անդամը ցուցադրել էր «Իմ քայլը» դաշինքի հոլովակը»:
Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը դաշինքի շտաբի պետ Սիփան Փաշինյանն ասաց, որ 2/4 տեղամասի միջադեպից մանրամասնորեն տեղյակ չէ. «Բայց բոլոր հնարավոր ձեւերին բոլորին զգուշացված է, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում: Կենտրոնական շտաբից շատ մեծ հսկողություն կա, այդ կոնկրետ դեպքի եղելությանը մանրամասնորեն տեղյակ չեմ: Ես տեղյակ չեմ՝ դա գրանցամատյանում գրանցվե՞լ է: Ամեն դեպքում հրահանգվել է, որպեսզի բոլոր խախտումները՝ անկախ նրանից, թե որ ուժի ներկայացուցիչը թույլ կտա, պարտադիր կերպով գրանցվեն գրանցամատյանում եւ պատասխանատվության ենթարկվեն օրենքի շրջանակներում: Սրանք զուտ խոսքեր չեն, հստակ հրահանգ է»:
Հարցին՝ ահազանգեր ստացե՞լ եք այլ ուժերի խախտումների մասին՝ Սիփան Փաշինյանը պատասխանեց, որ հիմա բազմաթիվ ահազանգեր են ստանում, փորձում են ճշտել, բայց այս պահին իրավիճակը հանգիստ է, որեւէ լուր խախտում գրանցված չի. «Ավելի շատ իրավախախտումներ են, որը վարչական բնույթ է կրում եւ որը նաեւ ահազանգին արձագանքելու դեպքում չի հիմնավորվում եւ չի ապացուցվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ