«Աշոտ Անդրեասյանին (լուսանկարում) ճանաչում եմ շատ լավ, նա շատ ազնիվ, պարկեշտ, կրթված երիտասարդ է, որն ամբողջ իր ակտիվ գործունեության մեջ համախոհների, հատկապես երիտասարդության շրջանում, մեծ բանակ ունի: Վստահ եմ, որ իր տեսակն ու գործելաոճը, երբեք հակաօրինական չի եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, երիտթեւի համակարգող Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, sut.am կայքի հրապարակման համաձայն, ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումներին ակտիվ մասնակցել է Համահայկական երիտասարդական ասոցիացիան, որը, լինելով հասարակական կազմակերպություն, ամբողջապես կուսակցականացված է։ Ասոցիացիայի նախագահ է Աշոտ Անդրեասյանը, որը նաև ԲՀԿ ավագանու ցուցակի 33-րդ համարն է, ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար կազմի անդամ և պատգամավորի օգնական է։ Ըստ հրապարակման, ասոցիացիայի մոտ 50 անդամ ակտիվորեն մասնակցել են ոչ միայն ԲՀԿ-ի քարոզարշավին, այլև համացանցում ապատեղեկատվություն են տարածել այլ թեկնածուների մասին։
https://www.facebook.com/danioanis/videos/vb.1144813885/10216258840560739/?type=2&video_source=user_video_tab
«Ես հասկանում եմ, որ ոմանց համար մեծ իրադարձություն կլիներ կամ մեծ ցանկություն կլիներ, որ նման ինչ-որ մի բացահայտում կարողանային իրականում անել, նման որակական գնահատականներ տալ, բայց դա չի ստացվի, քանի որ նման իրադարձություն, նման գործընթաց պարզապես տեղի չի ունեցել»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Կայքի հրապարակման մեջ տեղադրված են նաեւ ֆեյսբուքյան էջերից եւ գրառումներից նկարներ`իբրեւ ապացույցներ`տարատեսակ գրառումներն արագ հանրայնացնելու մասին եւ իբրեւ պարգեւատրում, սեպտեմբերի 1-ին, անվճար հիմունքներով Ջրաշխարհ այցելելու մասին: Վահե Էնֆիաջյանն ասում է, որ մի քանի րոպե աշխատանք է ընդամենը պահանջվում ֆեյսբուքում նման «տեղեկություններ» պատրաստելը, տարածելը եւ իբրեւ «ապացույց» դրանք մատուցելը: «Ես Ձեզ վստահաբար ասում եմ, Աշոտ Անդրեասյանը որեւէ հակաօրինական գործունեություն չի ծավալել, հակաքարոզչություն չի իրականացրել: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում հօդս է ցնդելու, քանի որ հակաքարոզչության տրամաբանության մեջ է»:
Ինչ վերաբերվում է հասարակական կազմակերպության անդամների քաղաքականացված կամ կուսակցականացված լինելուն, Վահե Էնֆիաջյանը տարակուսում է. «Հասարակական կազմակերպության անդամը չի՞ կարող լինել կուսակցական: Ի՞նչ կա դրանում հակաիրավական կամ ոչ համաչափ»: Ավելին, պատգամավորը դրական է համարում, եթե երիտասարդը պատրաստված է, ունի սեփական կարծիք եւ այն հանրայնացնում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ