ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ եթե ինքը հաջողության չհասնի, չի գնալու պրահաներում բնակվի: Այսօր «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ եթե դուք հաջողություն չունենաք, ի՞նչ եք անելու, մնալո՞ւ եք, թե՞ գնալու եք՝ պատասխանեց. «Ես արդեն 14 տարի է, ինչ Պրահայում ունեմ կացության քարտը, ունեմ բոլոր հնարավորությունները, որը գիտեք, բաց է ու պարզ: Եթե ես ուզենայի ապրել Պրահայում, այս 14 տարին կապրեի, այնինչ մեր ընտանիքն ապրում է եւ շարունակելու է ապրել Երեւանում, որովհետեւ իրոք, մեր Երեւանը աշխարհում ամենասիրելի քաղաքն է: Սա խոսքեր չեն, իրականություն է: Ես շատ քաղաքներում ման եմ եկել, ես շատ քաղաքներում եմ եղել, հնարավորություն ունեմ, շատ-շատ քաղաքներում ապրելու եւ գտնվելու, բայց մեր Երեւանն իրոք լավագույնն է, մենք ամեն ինչ պիտի անենք, որ Երեւանում կարողանան մարդիկ լավ ապրել ու չմտածել ուրիշ տեղ գնալու մասին»:
Լրագրողները հարցրեցին՝ Հյուսիսային պողոտայի ձեր տունը վաճառե՞լ եք՝ Մարությանը պատասխանեց, որ ոչ. «Ես գրանցված եմ այստեղ, սա իմ գույքն է, վերջին տարիներին քվեարկել եմ այստեղ»:
Մեր հարցին՝ հիմա դուք 5 տուն ունե՞ք, թե՞ 6, որովհետեւ մամուլում գրվեց, որ մի տունը չեք հայտարարագրել՝ Մարությանը պատասխանեց. «Ես իմ բոլոր տները հայտարարագրել եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ