Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ե՞րբ եք տեսել, որ մեկը մի վատ բան անի ու խոստովանի». Մարությանը՝ ընտրակաշառք բաժանող ուժերի մասին

Սեպտեմբեր 23,2018 15:38

«Հիշո՞ւմ եք մեզ մոտ ոնց էին անցնում ընտրությունները՝ ընտրարշավը հանգիստ, հանդարտ, ոչ մի բան չկար, վերջանում էր ընտրությունը եւ սկսում էր հետընտրական պրոցեսը: Այստեղ ամեն ինչ հակառակ տեղի ունեցավ, ինչպես տեղի է ունենում ամբողջ աշխարհում, սկզբից կրքերը բորբոքվում են, հենց դա է ընտրարշավը», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը եկել էր քվեարկության 9/47 ընտրատեղամասում:

Aravot.am-ը հարցրեց՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն ահազանգել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» թիմից մարդկանց են զանգում ու ասում՝ ԲՀԿ-ի օգտին չքվեարկեք, որովհետեւ իրենց հետեւում Քոչարյանն է կանգնած, դուք անձամբ տեսնո՞ւմ եք Քոչարյանին ԲՀԿ-ի թիկունքում՝ Մարությանը պատասխանեց. «Իրեն հարցրեք, ես այդպիսի տեղեկություն չունեմ: Ես տեսնում եմ, թե ոչ, այս պահին ես այդպիսի փաստ չունեմ: Ես սիրում եմ խոսել միայն փաստերով, եթե փաստ լինի, թուղթ լինի՝ հա»:

Հարցին՝ ձեր թիմը սահմանն անցե՞լ է, թե՞ ոչ, երբ հիմա հետ եք նայում քարոզարշավին՝ Մարությանը պատասխանեց՝ «Վստահաբար ոչ, ոչ մի հարցում»:

Հարցին՝ եթե լինեք քաղաքապետ, ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը՝ թեկնածուն պատասխանեց, որ առաջնահերթ խնդիրը աղբահանության հարցն է:

Մեր հարցին՝ երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու էր, խոստացել էր, որ եթե քաղաքապետ լինի, ամսական 2-3 անգամ երթուղային տրանսպորտով է երթեւեկելու, դուք նման խոստում տալի՞ս եք, երթուղայիններով կերթեւեկե՞ք՝ Մարությանը պատասխանեց. «Ես մինչեւ քաղաքապետ լինելն էլ եմ երթեւեկում տրանսպորտով, քաղաքապետ լինելուց հետո էլ եմ երթեւեկելու, դա չեմ կապում իմ քաղաքապետ լինել-չլինելու հետ… Միայն վստահաբար գիտեմ, որ եթե քաղաքացիները քվեն տան մեր ուժին, ես լինեմ քաղաքապետ, իմ զբաղվածությունն ավելի շատ է լինելու, քան առաջ ու իմ կյանքի ռիթմը, հունը մի փոքր կփոխվի, բայց մոտեցումներն ու սկզբունքները՝ ոչ»:

Հարցին՝ այս ընտրություններին հակահեղափոխականներ կայի՞ն՝ Մարությանը պատասխանեց. «Այն ուժերը, որոնք ուզում են տապալել այս ընտրությունները ընտրակեղծիքների, ընտրակաշառքի միջոցով, ոնց ուզում եք անվանեք՝ հակահեղափոխական, սեւ, հակաժողովրդական, այդ ուժերը բնականաբար, կան: Ինձ հարցրեցին՝ հիմա ովքե՞ր են այդ ուժերը՝ ամենալավը իրենք գիտեն, ես չգիտեմ ովքեր են բաժանում: Եթե այդ ուժերը այդպիսի բաներ անում էին, կամ մտածում էին անել, հետո չարեցին, իրենք հասկանում են»:

Դիտարկմանը՝ ոչ մեկը չի ընդունում նման բան՝ Մարությանը պատասխանեց՝ «Դուք ե՞րբ եք տեսել, որ մեկը մի վատ բան անի ու խոստովանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930