Երեւանի քաղաքապետի թեկնածու «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այսօր քվեարկելուց առաջ լրատվամիջոցներին ասաց. «Ցանկալի է, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցեցին, ունենան ժողովրդի քվեն, վստահությունը, որովհետեւ կարծում եմ ավագանու ցուցակներում կան մարդիկ, որոնք իրոք սրտացավ են Երեւանի համար եւ իրոք կարող ուժ են: Եվ նաեւ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են, բոլորս հնարավորություն ունենանք կյանքի կոչելու: Սա, կրկնեմ, մի հոգու գործ չէ:
Այս պահին տեսնում ենք, որ կառավարությունը նույնիսկ իր գործառույթները չի կարողանում լիարժեք ի կատար ածել, որովհետեւ երբ երկիրը քանդված է, ապա բոլորը պետք է վերականգնողական աշխատանքներին մասնակցեն: Իսկ Երեւանում մենք պետք է ներգրավենք Երեւանի կառավարման մեջ մեր ազգի, աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների ողջ ներուժը, որոնք գրեթե բոլորն են պատրաստ: Դրա համար կցանկանայի, որ բոլորս ներկայացված լինենք եւ մեր ներկայությունը լիներ հենց բազմազանության միջոցով, բոլորիս ուժերի կոնսոլիդացման միջոցով:
Այսօր մեր հայրենիքը այնպիսի վիճակում է, որ ամբողջ ազգային ներուժը պետք է ներգրավված լինի, այլ ոչ թե մի խմբակի: Հետեւաբար, մի խմբակ, մի մարդ չի կարող իրականացնել եւ վարչապետի լիազորությունները եւ քաղաքապետի լիազորությունները եւ պաշտպանության նախարարի լիազորությունները: Մենք պետք է ունենանք շատ մրցունակ կառավարություն, որը կազմված լինի ազգի բոլոր հատվածների լավագույն ներկայացուցիչներից: Սա է պահանջում մեր այսօրվա իրականությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ