Թիվ 9/45 ընտրատեղամասում այսօր քվեարկեց նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Նա լրագրողների հետ զրույցում նախընտրական քարոզարշավին «բավարար» գնահատականը տվեց: «Ընտրությունները շատ ավելի քաղաքականացվեցին եւ նմանվեցին համապետական կամ վարչապետին սատարելու ընտրությունների: Վարչապետի մասնակցությունն ընտրություններին շեղեց դրանց ընթացքը»,-համոզմունք հայտնեց Միքայել Մանուկյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քաղաքականացրեց ընտրությունները, քանի որ նա իր վստահության քվեի խնդիրը դրեց. «Դա վարչական լծակի օգտագործում չէ՞, չէ՞ որ նա ամեն օր ելույթներով մասնակցություն էր ունենում «Իմ քայլը» դաշինքի հավաքներին»:
Միքայել Մանուկյանի խոսքով՝ ի սկզբանե ՀՅԴ-ի դեմ թիրախավորումներ են եղել, իսկ թե ում կամ որ քաղաքական ուժի կողմից, հայտնի չէ. «Հենց հայտնի դարձավ, որ ես եմ ՀՅԴ թեկնածուն, պատմություններ ի հայտ եկան, որոնք ինձ հետ առհասարակ կապ չունեին: Մի պահ ասացին անգամ, որ ընտրապայքարից եմ դուրս եկել»:
ՀՅԴ ավագանու թեկնածուն կարծում է, որ քաղաքացին այսօր բարձր ինքնագիտակցություն ունի եւ խղճով կքվեարկի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ