Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը քվեարկեց 69 դպրոցում տեղակայված 8/30 ընտրական տեղամասում: Նա ընտրական տեղամաս էր եկել մոր, կնոջ եւ զավակների հետ: Եվ ի տարբերություն այլոց, ոչ թե վաղ առավոտյան քվեարկեց, այլ 13:30:
Ընտրությունների ընթացքին եւ բերման ենթարկվածներին, խուզարկություններին անդրադառնալով` Արտակ Ավետյանը նշեց, որ նման բաներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իսկ ընդհանուր առմամբ, ընտրարշավը խաղաղ է ընթացել: Նաեւ հավելեց. «Իհարկե այն ամենը ինչ տեղի է ունենում իմ քաղաքում, եթե ոչ նորմալ երեւույթ է, ինձ մտահոգում է որպես երեւանցի, քաղաքացի: Մնացած ամեն ինչն անցել է շատ հարթ, լրատվամիջոցները բոլորիս հավասար լուսաբանել են»:
Aravot.am-ի հարցին` հանուն ինչի է քվեարկում, Արտակ Ավետյանը պատասխանեց. «Հանուն կանաչ Երեւանի, հանուն իմ երեխաների մաքուր օդի, բարեկեցիկ ապագայի, հանուն իմ ընկերների, հարազատների, հանուն երեւանցիների: Մենք մեկ օրգանիզմ ենք, մեկ քաղաք, բոլորս ընդհանուր մի գործ անենք, բոլորս պետք է ծաղկեցնենք աշխարհի ամենալավ քաղաքը»:
Խոսելով ընտրակեղծիքների վերաբերյալ լուրերի մասին, ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածուն ասում է, որ իրենք տեղեկություններ չունեն, ընդամենը լսել են փոքր խախտումների մասին: Ասաց նաեւ, որ ընտրությունների ընթացքը դրական է գնահատում, շանսերի առումով էլ լավատես է. «Այս գործում հաղթողներ ու պարտվողներ չկան, մենք ընդամենը նույն գործն ենք անում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արտակ Ավետյանի որդին`Արան, որ հոր հետ եկել էր ընտրատեղամաս, ասաց, որ երբ տեղեկացել է` հայրը քաղաքապետի թեկնածու է, շատ հպարտացել է իր հայրիկով. «Ես այսօր եկել եմ իր հետ, քանի որ ուզում էի իր կողքին լինել, իրեն օգնել, քանի որ միշտ իր կողքին եմ եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ