Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է այլ ուժերի շտաբեր՝ բարի ընտրություն մաղթելու, հանդիպել է կոնկրետ ցուցակների

Սեպտեմբեր 23,2018 14:32

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, նախընտրական փուլում յուրովի շեղումներ են եղել: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որը քվեարկեց թիվ 157 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում:

«Ամեն մեկն իր ձեռագիրը թողել է: Կան որոշ հարցեր, որ պիտի ուղղվեն, հաղթահարվեն ապագայում, բայց ներկա դրությամբ ընտրական գործընթացը քայլ առաջ է եւ հուսով ենք, որ գիտակից երեւանցին խղճի մտոք կքվեարկի եւ կունենա իր իշխանությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

Ընտրախախտումների եւ ընտրակաշառքների հայտարարությունների մասին հարցին էլ Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Տարբեր ցուցակագրումների մասին տեղեկություններ մեզ հասել են, անանուն աղբյուրներ, կոնկրետ քաղաքացիներ, որոնք չեն ցանկացել իրենց անունները տալ: Մենք այդ տեղեկությունները փոխանցել ենք իրավապահ մարմիններին: Կարծեմ ուրիշ կուսակցություններն էլ նույնն արել են: Երեկ լռության օր էր: Շատ կուզենայի այս օրը սկսել միմիայն դրական լիցքերով, որովհետեւ դա «Ժառանգության» տեսակն է»:

Ապա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ մինչ քվեարկությանը գալը մտել է նախընտրական մի քանի շտաբներ. «Այլ կուսակցությունների շտաբներ մտա՝ բարի ընտրություն մաղթելու համար: Եվ այնտեղ շատ ջերմ, փոխադարձ բարեւներ էին, բայց նաեւ կային կոնկրետ ցուցակներ՝ բնակիչների, բնակարան առ բնակարան, հեռախոս առ հեռախոս: Հուսով եմ, հետագայում կամ բոլորը կունենան «դոստուպ», այսինքն նախամատույցը այդ ցուցակների, որ հնարավորություն լինի շփվելու քաղաքացիների հետ կամ որ մեկը չունենա»:

Թե որ քաղաքական ուշի շտաբում է նման բան նկատել, Հովհաննիսյանը չբացահայտեց, միան ավելացրեց՝ եթե այդ ցուցակները բաց տեղեկություն է, պետք է բոլորն ունենան. «Կարող է օրենքի սահմանում է: Ես ու «Ժառանգությունը» երբեք «դոստուպ» չենք ունեցել այդ տեղեկություններին»:

Ի՞նչ հնարավորություն ունի «Ժառանգությունն» այս ընտրություններում հաղթելու. Հովհաննիսյանն ասաց .«Մենք արդեն հաղթել ենք, որովհետեւ այսօր ես ունենալու եմ ինձ պատկանող քաղաքապետարան, ավագանի, դա ավելի բարձր է: Մեր «շանսերը» հրաշալի են, կատարյալ, որ մենք կունենաք ընտրություն, որը չի գողացվելու»:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի արագացված արտահերթ ընտրությունների մասին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ կողմնակից է դրան. «Համապետական արտահերթ ընտրություններն առաջ պիտի լինեին, որպեսզի արձանագրեին հայոց մեծ վերելքի,  հեղափոխության արդյունքները, բայց արտահերթը մայր քաղաքին հասավ: Մենք կմասնակցենք խորհրդարանական ապագա ընտրություններին»:

Լրագրողները հետաքրքրվեցին «Ժառանգության»՝ այլ ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին: Այս առնչությամբ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մեր երկարամյա նախընտրությունը, համաժողովրդական մոտեցումներին, կոալիցիոն մոտեցումներին՝ մենք չենք հրաժարվում դրանցից, որովհետեւ կարծում եմ ժողովրդի ակնկալիքը այդ միասնությունն է: Բայց ելնելով իրավիճակից՝ կկողմնորոշվենք: Այլ ուժերի հետ համագործակցությանը միշտ հակված եղել ենք: Դա ենթադրում է՝ մյուս ուժերի համաձայնությունը: Մենք կտեսնենք, թե՝ այս ընտրություններն ինչպես կանցնեն… կարող ենք ակնկալել, որ շատ ակտիվ կլինենք արդյունքներով հանդերձ: Անկախ արդյունքներից եւ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, ելնելով իրավիճակից՝ կորոշենք ինչպես պիտի մասնակցենք»:

Արդյոք այս քարոզարշավի ընթացքում նկատվել է սեւ քարոզչություն, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չէի գունավորի այս քարոզարշավը, ամեն մեկն ինքնագունավորմամբ է զբաղվել: Ամեն մեկն իր իրավունքի մեջ է եղել, պարզապես, այս փուլը մի քիչ ավելի էր քան ստանդարտ կրքոտ նախընտրական փուլ: Մի քիչ ուրիշ հարթություն էր, պետք չէ խառնել հարթությունները՝ համապետական եւ քաղաքային ընտրությունների, որովհետեւ Երեւանի քաղաքացին ունի կոնկրետ խնդիր, ակնկալիք»:

Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ մի քանի տարի կտեւի՝ մինչեւ քաղաքական կայունություն լինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930