Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Երեւանը փորձադաշտ չէ, որպեսզի չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանքներ հնչեցնելուվ»

Սեպտեմբեր 23,2018 14:17

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունում «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ընտրատեղամաս մտնելուց առաջ լրագրողներին հայտարարեց, որ քարոզարշավի ժամանակ յուրաքանչյուր ուժ պետք է ներկայացներ իր ծրագիրը, սակայն մի զգալի մաս տրամադրվեց միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն: «Իսկ մենք խնդիր ունենք այսօր ազգային միասնության, ազգային բոլոր ուժերի կոնսոլիդացիայի, որպեսզի դուրս գանք այս վիճակից: Երեւանը փորձադաշտ չէ, որպեսզի չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից: Հետեւաբար, բոլորս պետք է լծվենք, որպեսզի դուրս բերենք մայրաքաղաքն այս անմխիթար վիճակից և, ընդհանուր առմամբ, մեր ազգային իղձերը ի կատար ածենք: Այդ իղձերը բոլորինն են, Երեւանը չի հարցնում ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ծեր, ոչ մանուկ, ոչ այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ, ոչ սեւ, ոչ սպիտակ: Այս թունավոր օդը շնչում ենք բոլորս: Ասվում է, որ պետք է լուծվեն Երեւանի խնդիրները: Հետեւաբար, բոլորս պետք է դրան ուղղված գործողություններ կատարենք»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ նախորդ ընտրություններում ինքը բավականաչափ ակտիվ էր, իսկ այս անգամ, հեղափոխությունից հետո առաջին ընտրություններում՝ ոչ այնքան, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Նախ, պետք է նշել, որ հեղափոխությունը դեռ տեղի չի ունեցել: Բայց: Ամենակարեւորը՝ այսօրվա գործող իշխանությունը պարտականություն է ստանձնել՝ անցկացնել արդար, հավասար եւ թափանցիկ պայմաններում ընտրություններ: Հետեւաբար, սա այս իշխանությունների քննությունն է, այլ ոչ թե մեր պայքարը ընտրակեղծարարության դեմ: Մենք սպասում ենք, թե իշխանություններն ինչպես են անցնելու այդ քննությունները, որովհետեւ իր ձեռքում են այն լծակները, որոնցով պետք է կանխվեն կեղծարարությունը եւ ապօրինությունները: Հանրությունն ինքն էլ պետք է դրան մասնակից լինի: Բայց այնուամենայնիվ եթե նույնիսկ լինեն նման դեպքեր, դրա կանխարգելիչ գործիքը գտնվում է գործող իշխանության ձեռքին: Հետեւաբար, սա իրենց քննությունն է»:

Ընտրակաշառքների մասով Զարուհի Փոստանջյանն ասաց. «Իհարկե, լսել եմ, բայց փաստարկված դա շատ դժվար է, որովհետեւ բաժանելու եւ վերցնելու գործընթացը օպերատիվ հետախուզական ծառայությունների գործառույթն է: Տեսնենք, եթե կան հիմնավոր կասկածներ, ապա միանշանակ պետք է հարուցվեն քրեական գործեր եւ մեղադրանքներ առաջադրվեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930