«Հարգում եմ Նաիրա Զոհրաբյանի հումորը»,-լրագրողների հետ զրույցում այսօր քվեարկելուց հետո ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով լրագրողների հետեւյալ հարցին՝ «Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում ինքը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին, իսկ դո՞ւք»: Արտակ Զեյյալյանն այդ հայտարարության շուրջ այլ հարցադրումներին չարձագանքեց:
Ինչ վերաբերում է ԲՀԿ գրասենյակում երեկ ոստիկանների խուզարկությանը, Արտակ Զեյնալյանը գնահատականներ չհնչեցրեց: Միայն հիշեցրեց, որ ըստ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հայտարարության՝ հակաօրինական բան չի հայտնաբերվել:
«Ես չեմ կարող ամբողը վերլուծել, քանի որ տեղյակ չեմ այդ դեպքից»:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, որ եթե ոստիկանությունը փաստեր չներկայացնի, ինքը զրպարտության համար կպահանջի ոստիկանապետի հրաժարականը, Զեյնալյանը նկատեց. «Այդ հարաբերությունները զրպարտության, պատվի եւ արժանապատվության վերաբերյալ հարաբերություններ չեն, դրանք այլ իրավահարաբերություններ են, բայց դրանց պաշտպանության համար ՀՀ օրենսդրությունը բավարար է»:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
https://www.youtube.com/watch?v=E0PCJg0o7NE
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ