«Ըստ հավաստի տեղեկությունների՝ ոստիկանությունը չէր կարող նման գործողություններ իրականացնել: Ավելի պրոֆեսիոնալ պետք է գործեին: Վերջիվերջո, կուսակցության գրասենյակ է, 80 հոգով շրջափակել, վերջում էլ ասել՝ «ոչինչ չգտանք», ճիշտ չէ…»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով սեպտեմբերի 22-ին ԲՀԿ շտաբում ոստիկանության իրականացրած խուզարկությանը, ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը:
Նրա դիտարկմամբ՝ բնականաբար, ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ունեցել, որ գնացել է ահազանգի հետքերով, բայց ավելի լուրջ պետք է վարվեին այդ գործողությունների ժամանակ:
Միքայել Մանուկյանը միաժամանակ նշեց, որ չի քննադատում ոստիկանությանը, պարզապես եթե լրագրողների պարագայում լսում ենք «ըստ հավաստի տեղեկությունների» արտահայտությունը, ապա ոստիկանության պարագայում վերջինիս մոտեցումը հիմնավորված պետք է լինի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ