Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 7/46 ընտրատեղամասում ընտրողները զավեշտալի խախտումներ էին անում: Մի քանի դեպք եղավ, երբ քվեարկելուց հետո ընտրողները մի լավ թքոտում էին քվեածրարը եւ ամուր փակցնում, հանձնաժողովի նախագահը հորդորում էր՝ «թքով չկպցնել»:
Ընտրողներից մեկը քվեարկության էր եկել «военный билет»-ով: Հանձնաժողովի նախագահ Հարություն Հախվերդյանը ընտրական հանձնաժողովի հետ կապվեց ու ասաց՝ չի կարելի, չեն թույլատրում:
Ընտրողներից մեկը, ինչպես հետո պարզեցինք, Անդրանիկի 122 շենքի բնակիչ Աշոտ Դուրգարյանը (լուսանկարում) բորբոքված էր: Նա ասում էր, որ ինչպես միշտ, ընտրացուցակներում տեղ են գտել մարդիկ, որոնք իրենց շենքում չեն բնակվում. «Լավ, ստեղ հանձնաժողովի նախագահ, քարտուղար չկա՞: 25 անգամ ստեղ ընտրություն ա եղել, միշտ եկել ասել եմ, հիմա ո՞ւմ ասեմ: 30 տարի ա, ես էդ շենքում եմ ապրում, 40 հոգի կան, որ ընտրացուցակի մեջ են, շենքում չեն»: Դիտարկմանը, որ իրենք գրանցված են, դրա համար կան ընտրացուցակում՝ քաղաքացին չհամաձայնեց. «Ո՞վ ա ասում, հիմա ես ձեզ ապացուցե՞մ, որ մարդիկ գրանցված չեն: Մեկը 10-րդ հարկում է՝ իմ մոտիկ հարեւանը, տունը ծախել, էդ մարդը գնացել է, Խոսրովյան Հայկազը, Լազարյան Արարատը, ո՞նց ա գրանցված»:
Երբ նա բողոքում էր, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հարություն Հախվերդյանը փորձում էր հանդարտեցնել, իսկ մյուս հանձնաժողովականները բողոքում էին, որ մարդը աղմուկ է անում տեղամասում, չի թողնում աշխատեն:
Դուրգարյանն ասաց. «Բա չասե՞մ, որ 35 մարդ կա, որ գոյություն չունեն, տները ծախել, գնացել են, ցուցակի մեջ են»: Մեր հարցին՝ մտավախություն ունեք, որ նրանք չլինելով կմասնակցե՞ն քվեարկությանը՝ նա պատասխանեց. «Միշտ էլ ըտենց ա եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ