Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունում քվեարկելուց հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողներին ասաց, որ չի կարծում,թե նախորդների հետ մեծ տարբերություն կա. «Չեմ ասի, որ շատ մեծ տարբերություններ կան: Բայց ամեն դեպքում ինձ համար հանդուրժողականությունը ընտրական գործընթացում շատ կարեւոր է: Այո, պայքարը միշտ թեժ է լինելու, բոլորը ձգտում են, որ ունենան լավագույն արդյունքները, բայց երբեք չպետք է անձնավորել, չպետք է մեկը մյուսին վիրավորի: Ցավոք, մեկ-մեկ եղան դեպքեր, բայց հուսով եմ՝ կամաց-կամաց մենք էլ ավելի առաջ կգնանք ու ժողովրդավարությունը ավելի կամրապնդվի»:
Արա Բաբլոյանը չասաց, թե որ քաղաքական ուժի օգտին է քվեարկել՝ լրագրողների հարցը գնահատելով ոչ կոռեկտ:
Հարցին, թե այս ընտրությունները կարելի՞ է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաբան եւ այստեղ ուժերի բաշխման հարաբերակցությունը կարտահայտվի նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններում, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Դժվար է ասել՝ որովհետեւ սա Երեւան քաղաքի ընտրություն է եւ հիմքում անշուշտ կա քաղաքական ուժերի նկատմամբ արդյունքների ամփոփում, բայց միեւնույն ժամանակ, ժամանակի ընթացքում ժողովուրդը պետք է տա գնահատական, թե ինչպես են գնում այն պրոցեսները, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության պահպանմանը, մեր տնտեսության զարգացմանը, բնակչության բարեկեցությանը եւ առավել եւս ժողովրդավարության ամրապնդմանը»:
Նկատառմանը, թե ընդունո՞ւմ է, որ հանձնաժողովների անդամներն ասում են, թե ընտրությունները ավելի հանգիստ են անցնում եւ չկա այն լարվածությունը, որ նախկինում է եղել, ԱԺ նախագահը արձագանքեց. «Մենք բոլորս ավելի ու ավելի ուրախ ենք լինում, որբ ընտրությունները ամեն անգամ էլ ավելի լավ են կազմակերպվում: Ամփոփենք այսօր արդյունքները եւ վաղը կանդրադառնանք այդ հարցին, թե ինչպես են այս ընտրություններն ավարտվել եւ ինչպես են արդյունքները ամփոփվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ