Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում մեր ներկայության ժամանակ ընտրողները քվեախցիկ էին մտնում մի քանի հոգով:
Երբ նկատեցինք, թե ինչպես են երկու ընտրող տղամարդ ու կին միասին մի քվեախցում քվեարկում, հրավիրեցինք հանձնաժողովի նախագահ Հարություն Հախվերդյանի ուշադրությունը: Նա արձագանքեց. «Չի կարելի, ազիզ ջան, մեռնեմ քեզ»: Տղամարդը պատասխանեց՝ «Չի տենում աչքերը»: Հանձնաժողովի նախագահն արդարացրեց, թե «իրանք ամուսիններ են»: Մեր դիտարկմանը, որ օգնողի ինստիտուտ կա չտեսնողների համար, ի՞նչ կապ ունի, որ ամուսիններ են՝ տղամարդն արձագանքեց՝ «Մեծ կապ ունի»:
Սա առաջին դեպքը չէր, երբ այս տեղամասում քվեարկում էին մի քանի հոգով: Մի «ընտանեկան» քվեարկության ժամանակ էլ ուղղորդողը կինն էր: Հանձնաժողովի նախագահը միջամտեց՝ հորդորելով քվեարկել առանձին:
Ժամը 11.15-ի դրությամբ այս ընտրատեղամասում քվեարկել էր 232 ընտրող, օգնողի ինստիտուտից օգտվել էին 2-ը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ