Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի հորդորը` ՀՀ հպարտ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Սեպտեմբեր 23,2018 11:22

«Այո, երեկ տեղի ունեցավ «Ընտրական օրենսգրքի» կոպտագույն խախտում, հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից, ով, ի դեպ, հստակ շահերի բախում ունի, որովհետեւ կառավարությունում ԸՕ-ի աշխատանքային խմբի քարտուղարն է: Այսօր մենք դիմելու ենք վարչական դատարան`պարոն Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, երեկ ասուլիս էր հրավիրել «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը` հայտարարելով, որ ԲՀԿ-ն, նախօրեին իրականացրած ֆլեշմոբի մասնակիցներին  գումար է բաժանել: Ասուլիսի սրահ էին ներկայացել նաեւ ԲՀԿ-ի երիտթեւի ներկայացուցիչներ`Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ եւ այն վերածվել էր քաշքշուկի ու վեճի:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր քաղաքացիական պարտքը կատարում էր Երեւանի թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 տեղամասում:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի նոր Հայաստանում բոլոր օրինախախտները պատասխանատվություն կրեն: Նա անհասկանալի իրավական ձեւակերպումներ է համարում Դանիել Իոաննիսյանի հայտարարությունները, որ ֆլեշմոբի համար տուրքեր պետք է վճարվեին: «Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ: Մեր իրավաբաններն արդեն պարոն Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ են հարուցել»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով երեկ ԲՀԿ-ի Աջափնյակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քարոզարշավի 12 օրերի ընթացքում ԲՀԿ-ի մոտ 300 ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են ոստիկանության բաժանմունքներ`ասելով, որ ահազանգ կա անօրինական գործողություն կատարելու եւ կաշառք բաժանելու մասին. «12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, որն ընտրակաշառք է բաժանում: Չեն էլ կարողանալու, որովհետեւ չի լինելու ընտրակաշառք: Սիրելի, հարգելի, Հայաստանի հանրապետության հպարտ ոստիկանապետ` կամ դուք ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, որը չեք կարող ներկայացնել, որովհետեւ չկա: Կամ ես խնդրելու-հորդորելու եմ ձեզ, որ քրեական պատասխանատվության ենթարկեք սուտ մատնության հոդվածով բոլոր այն անձանց… իսկ ես, չգիտես ինչու, վստահ եմ, որ այդպիսի մարդիկ գրեթե չեն եղել, որեւէ կեղծ ահազանգ չի եղել»:

Նաիրա Զոհրաբյանը, որն այս ընթացքում եղել է տարբեր ոստիկանական բաժանմունքներում, հավաստիացնում է, որ շարքային ոստիկաններն իրենք են ասել`«Հասկանում ենք, տիկին Զոհրաբյան, որ տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են`ահազանգ կա եւ մենք, որպես մեր գործի պրոֆեսիոնալներ, պարտավոր ենք արձագանքել»:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հետաքրքրվեց`ինչպե՞ս է Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանում իր կուսակիցների եւ ԲՀԿ պատգամավորի գործողությունները, ովքեր մտել էին ասուլիսի սրահ: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց հանգիստ լինել, քանի որ լավ եւ լուսավոր օր է: Նա ասաց, որ պատրաստ է փաստեր ներկայացնել` իր մեղադրանքները հիմնավորելու համար:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930