«Հայք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանը քվեարկեց 142 դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում: Նա ասաց, որ քվեարկում է հանուն ապագա Երեւանի, որտեղ հայը կապրի այնպես, ինչպես ավանդել են նախնիները:
«Ես միշտ ասել եմ հարցազրույցներում, որ կարող ենք մաքրել քաղաքը, ոսկե պատեր կառուցել, իսկ եթե չենք վերագտնում մեր ինքնությունը, ոչինչ չի փոխվի… Երեւանը հայության ամբողջականացման բեռը պետք է վերցնի իր ուսեին եւ դառնա մայր քաղաք»,-ասաց «Հայքի» քաղաքապետի թեկնածուն:
Նա համոզված է, որ ընտրությունների արդյունքում բավականին լավ ցուցանիշ պետք է արձանագրեն, քանի որ այս ընտրությունները նման հնարավորություններ տալիս են: «Եթե չհավատայինք, որ ազատ, արդար ընտրություններ են լինելու, չէինք մասնակցի, նախկինում հասկանում էինք, որ կանխորոշված էր ընտրությունների ելքը, դրա համար էլ չէինք մասնակցում»,-ընդգծեց պարոն Հովսեփյանը
Անդրադառնալով տարիներով ընտրակաշառք բաժանելու ավանդույթին, նա ասաց, որ եթե որեւէ ուժ ասելիք ու անելիք ունի, ընտրակաշառքի անհրաժեշտություն չկա, իսկ երբ մարդ փող է ծախսում, որպեսի գա իշխանության,այդ իշխանությունը օգտագործելու է, որ իշխանությամբ փող աշխատի եւ դա ծախսի իր իշխանությունը պահելու համար:
Գեւորգ Հովսեփյանը նշեց, որ ընտրական պսեւդո մշակույթը ի վերջո պետք է արմատախիլ արվի Հայաստանից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ