«Ըստ օրենքի՝ ավագանին կարող է գործել, եթե անցնեն երեք կուսակցություններ: ՕԵԿ-ը հավակնում է լինել այդ երեք կուսակցություններից մեկը և իր ներդրումն ունենալ Երևանի կառավարման և զարգացման գործում»,- Գրիգոր Լուսավորիչ 15/1 հասցեում գտնվող թիվ 4-րդ մանկապարտեզում տեղակայված 9/17 ընտրատեղամասում Երևանի քաղաքապետ ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:
Նա վստահեցրեց՝ լավ տրամադրվածությամբ, բարձր ակնկալիքներով է եկել ընտրության: Այնուհետև վստահեցրեց՝ սրանք կարևորագույն ընտրություններ են. «Սրանք հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են: Ընտրություններ, որոնք փուլային նշանակություն են ունենալու ՀՀ քաղաքական, ժողովրդավարական համակարգի կայացման գործընթացում»:
Ըստ Մհեր Շահգելդյանի՝ Երևանը սոսկ համայնք չէ. այն մայրաքաղաք է: Երևանում է գտնվում մեր ազգաբնակչության մոտ քառասուն տոկոսը, այստեղ կենտրոնացած է տնտեսության, ունակությունների, ռեսուրսների քառասուն տոկոսը:
Մհեր Շահգելդյանը հույս ունի՝ այս ընտրությունները պետք լինեն առանց խախտումների, առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրսի կիրառման: Ուստի ընտրողներին կոչ արեց լինել ակտիվ՝ իրապես քվեարկելով փորձել կառուցել մեր քաղաքը:
Հարցին՝ առաջին քայլը ո՞րն է լինելու ընտրվելուց հետո, իսկ եթե չընտրվե՞ն, ապա ի՞նչ, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Եթե, ապայով ես երբեք չեմ ուղղորդվում: Մենք հավակնում ենք լինել երեք կուսակցություններից մեկը, և այս տեսանկյունից դիտարկում ենք մեր աշխատանքի հնարավորությունները: Առաջինը պետք է լինի արձագանքը այն խնդիրներին, որոնք առկա են՝ սկսած աղբահանությունից, վերջացրած այլ հիմնահարցեր: Երկրորդ կարևորագույն խնդիրը կոլեգիալ աշխատանքն է տարբեր քաղաքական ուժերի հետ, որ կարողանանք համադրելով մեր ծրագրերը Երևանի զարգացման հայեցակարգի տեսլականի հիման վրա ծրագրավորել այն տարիների աշխատանքը, որ պիտի արվեր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ