«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո ասաց, թե ամբողջ գիշեր մտածել է՝ ինչպես է պատասխանելու «հանուն ինչի՞ քվեարկեցիք» հարցին: «Ես քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ եւ առաջատար մեր մայր քաղաքի եւ հայրենիքի: Բարի ընտրություն եմ մաղթում բոլոր մեր համաքաղաքացիներին եւ մրցակից ուժերի բոլոր թեկնածուներին: Թող այսօր բարի լինի եւ վաղը արդեն արդյունքով հանդերձ մենք լծվենք աշխատանքի»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ անկախ նրանից, թե ով կընտրվի Երեւանի քաղաքապետ պատրաստ է շնորհավորել նրան առանց վերապահումների: «Ոչ մի վերապահում, շնորհավորում եմ հիմիկվանից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդի կարծիքով՝ այս ընտրություններում «բոլորը հաղթել են: Այս ընտրությունների իրողությամբ մենք գրանցել ենք այդ մեկնարկային հաղթանակը: Մնացածը որակի խնդիր է եւ արդեն քաղաքական դաշտի կայունության հարցն է, որ իմ կարծիքով՝ մի քանի տարի կտեւի»
Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կողմնակից են ԱԺ արագացված արտահերթ ընտրություններին. «Կողմնակից ենք վաղաժամ եւ որքան հնարավոր է շուտ ընտրություններին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ