Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ, այսօր տեղի ունեցող ավագանու ընտրությունների ընտրացուցակներում ընդգրկված է 848.343 քաղաքացի:
Երեւանում քվեարկության համար գործում է 475 ընտրական տեղամաս: Ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 4722 քաղաքացիներից 31-ն այսօր չեն ներկայացել, բայց բոլոր տեղերը լրացվել են:
Այս ընտրություններում էլ տեղամասային կենտրոններում ընտրողի գրանցումը կգրանցվի տեխնիկական սարքավորումներով, ընդհանուր առմամբ, 1380 սարք է կիրառվելու: ԿԸՀ նախագահի խոսքով, առավոտյան՝ ժամը 08:00-ի տվյալներով, տեխնիկական սարքերի հետ կապված որոշ խնդիրներ արձանագրվել են, բայց տեղում շտկվել են:
Տիգրան Մուկուչյանը նաեւ ասաց, որ ընտրություններին կհետեւի 1 օտարերկրյա կազմակերպության, 8 տեղական հասարակական կազմակերպության՝ 662 դիտորդ, ինչպես նաեւ 11 օտարերկրյա քաղաքացի, 5 օտարերկրյա լրատվամիջոցի 10 ներկայացուցիչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ