Այսօր Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն են եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց Շենգավիթ համայնքի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ այս ընտրությունը տարբերվելու է մյուս ընտրություններից նրանով, որ քաղաքացին վստահ է լինելու՝ ընտրությունն ինքն է կատարելու եւ իր ձայնը չի գողացվելու: Նա վստահեցրեց, որ եթե ընտրակեղծարարներ նկատվեն, դրան կհետեւեն ոստիկանության գործողությունները:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրարշավն իրական ընտրարշավ էր. «Մենք նույնպես հասկանում էինք, որ պետք է ամեն ձայնի համար պայքարենք, երբ որ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են: Ես հույս ունեմ, որ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետեւ ընտրությունները լինելու են իրական, ոչ մեկ ձեւ չի անելու, ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված, կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու, որ այ այսպիսին պետք է լինեն ընտրությունների արդյունքները: Այնպես որ պետք է սովորել իրական ընտրությունների եւ իրական քարոզարշավի»:
Aravot.am-ի հարցին՝ քաղաքական հետապնդում իրականացվո՞ւմ է ԲՀԿ-ի նկատմամբ՝ վարչապետը պատասխանեց Ֆրունզիկի պես՝ «Այնպիսի հարցեր եք տալիս, ասում է՝ такие вопросы задаете неудобно отвечать»: Նա ասաց, որ ընտրարշավից գոհ է ու պատճառ չունի դժգոհելու:
Վարչապետը գնալու է Նյու Յորք, նա օդանավակայան էր շտապում:
https://www.facebook.com/aravot.am/videos/1910866105615702/
https://www.facebook.com/aravot.am/videos/440203609841338/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ