«Ամերիկայի ձայն» «Նիկոլի Ֆեյսբուք-լայվերն էինք միշտ նայում, օրըստօրե, շատ կարեւոր մասն էր մեր առօրյայի», – բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող Kanjoya ընկերության հիմնադիր Արմեն Բերջիքլին «Թավշյա հեղափոխության» օրերին Սան Ֆրանցիսկոյից ամեն օր հետեւում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին.
«Զգում էինք, որ մի քիչ կպնում ենք Հայաստանին. Հեռու է, բայց մտերմություն էր այդ ձեւ, որ խոսում էր մեզ հետ: Մենք էլ շատ ուրախացել էինք»:
Աշխարհի տեխնոլոգիական զարգացման կենտրոնի՝ Սիլիկոնի հովտի հայ համայնքի հետ զրույցների ընթացքում բոլորն ընդգծում են՝ գարնանը Հայաստանում տեղի ունեցածը վերջին տասնամյակներում ժողովրդի կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է: Ձեռքբերում, որը Հայաստանի առջեւ նոր հնարավորություններ է բացում:
Գործարար ու ներդրող Ադամ Կապլանյանը «Թավշյա հեղափոխության» օրերին ուղիղ իմաստով աշխարհի ամենաբարձր կետում էր՝ Էվերեստ լեռան գագաթին, այնպես որ Հայաստանի իշխանափոխությունն իր համար անակնկալ էր: Հաճելի անակնկալ, ընդգծում է նա.
«Երբ գնացի՝ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, երբ վերադարձա՝ Նիկոլն էր վարչապետը: 20 տարի տեւեց, երբ վերադարձա՝ արդեն տարբեր Հայաստան վերադարձա»:
Կապլանյանի խոսքով, չնայած՝ առջեւում անելիքները շատ են, սակայն, ըստ նրա Հայաստանն այժմ զարգացման ճիշտ ուղղու վրա է.
«20 տարի տեւեց, բայց վերջ ի վերջո հիմա ինչ-որ հույս կա»:
Գործարարների խոսքով, Հայաստանի քաղաքացիներն իրենց կարեւոր քայլը կատարեցին, այժմ քայլ պետք է կատարի նաեւ Սփյուռքը՝ աջակցելով Հայաստանի զարգացմանն իր գիտելիքներով եւ ներդրումներով: Թոմաս Չանյանն ով Սիլիկոնի հովտում աշխատում է առավել առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, նշում է՝ «Թավշյա հեղափոխությունն» իր հետ բերեց նաեւ լավատեսություն Հայաստանի ապագայի նկատմամբ.
«Ինձ համար երազանք էր, բայց իրականացավ՝ հիանալի բան է: Սփյուռքը, ընկերներս, որ ճանաչում եմ տեխնոլոգիական ոլորտում, իրենք էլ քաջալերված են: Նույնիսկ մի քանի ընկերներ ունեմ՝ փոխադրվեցին վերջին մեկ ամսվա մեջ»:
Ոգեւորված են ոչ միայն մանր ու միջին այլեւ՝ խոշոր ներդրողները: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող խոշորագույն ընկերության՝ Synopsys-Armenia-ի ղեկավար դոկտոր Երվանդ Զորյանի խոսքով, Հայաստանի ժողովրդի խանդավառությունը կիսում են նաեւ իրենք: «Թավշյա հեղափոխությունը» ներդրողներին տնտեսական կայունության տեսանկյունից մտահոգության առիթ չի տալիս, ընդգծում է Զորյանը.
«Անհանգստություն չունեմ, հակառակը՝ տեսնում եմ, որ դրական գծի մեջ ենք»:
Այժմ Երվանդ Զորյանի խոսքով կարեւոր է մնալ լայնախոհ սեփական երազանքների մեջ եւ ներքին փոփոխությունների հետ միասին կարողանալ օգտագործել հայ Սփյուռքի ամբողջ ներուժը:
Սփյուռքի խոշորագույն կազմակերպության՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն ընդգծում է՝ միշտ բաց են Հայաստանի նոր կառավարության հետ համագործակցության համար.
«Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ ճանապարհի վրա է»:
Համբարյանն ավելացնում է՝ Նիկոլ Փաշինյանին Միացյալ Նահանգների հայերը շատ են սպասում.
«Վստահ եմ, որ հանդիպումները հաջող կլինեն: Երբ որ մենք նստենք, բաց խոսենք, որեւէ բան չկա, որ չենք կարող անել»:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ