Քիչ առաջ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով հայտարարեց՝ զանգահարել են Ասյա անունով մի կնոջ, որը ԲՀԿ ակվիտիստ է. կնոջ եւ զանգահարողի միջեւ, Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, հետեւյալ խոսակցությունն է ընթացել:
-Գիտեք, չէ՞, որ վաղն ընտրություն է:
-Այո՞…
-Գիտեք չէ՞, որ պետք է ընտրեք Նիկոլին:
-Բայց Նիկոլն ընտրությանը չի մասնակցում:
-Դե հա, մեր Հայկոյին…մենակ ԲՀԿ-ին չընտրեք, որովհետեւ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ Ասյա անունով կինը պատրաստակամ է ներկայանալ ԱԱԾ եւ ԿԸՀ: Զոհրաբյանը Տիգրան Մուկուչյանին եւ Արթուր Վանեցյանին կոչ արեց զբաղվել խնդրով. «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստներն են զանգում եւ ցուցումներ տալիս մարդկանց: Սա խայտառակ հակաքարոզչություն է ԲՀԿ-ի հանդեպ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանի՝ «ԲՀԿ-ն գումար է տվել ֆլեշմոբի մասնակիցներին» ահազանգի հետքերով ոստիկանությունը խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ