Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

Սեպտեմբեր 22,2018 20:49

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ:

Վարչապետը նախ եղել է «Արտֆուդ»  Արտաշատի պահածոների գործարանում և ներկա գտնվել լոլիկի վերամշակման նոր հոսքագծի բացմանը, որի շնորհիվ ակնկալվում է մթերման և արտադրության ծավալի աճ: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել լոլիկի վերամշակման, տոմատի մածուկի, հյութերի, կոմպոտների, մրգերի վերամշակման և պահածոների արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ սարքավորումների և գործարանի ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թ. ներդրվել է 3.5 մլն ԱՄՆ դոլար։

Շահագործման է հանձնվել լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական առաջատար Cavalieri սարքավորումը, որն արտոնագրված տեխնոլոգիա է և իր տեսակի մեջ միակ հոսքագիծն է ԵԱՏՄ–ում։ Նշվել է, որ  ներկայում ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից (2018թ. 25 տոկոս աճ)։ Փոքր և միջին բիզնեսի հետ համագործակցության արդյունքում այս տարի գյուղհումքի մթերումը կրկնապատկվել է՝ գերազանցելով 2 մլրդ դրամը։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, ԱՄՆ, Կանադա, Անգլիա և Ղազախստան:

Զարգացման ծրագրերի մասով վարչապետը տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարում ընկերությունը ծրագրում է կրկնապատկել արտադրության աճը (նախատեսվում է արտադրական նոր մասնաճյուղի հիմնում), 3.5 անգամ ավելացնել արտահանման ծավալը, ավելացնել արտադրատեսականին և բարելավել արտադրանքի որակը:

«Արտֆուդ»-ի ղեկավարությունը նաև կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ ներկայում գործարանում կա մոտ 100 թափուր սեզոնային աշխատատեղ` 90000 դրամ աշխատավարձով, որոնք, սակայն, չեն համալրվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում զրկվել աղքատության նպաստից: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում աղքատության տրամաբանությունը աշխատանքի տրամաբանությամբ փոխելու և աշխատելը խրախուսելու ուղղությամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է նաև Արարատի գինու գործարան՝ ծանոթացել խաղողի մթերման գործընթացին և ընթացիկ արդյունքներին: Նշվել է, որ 2018 թ. գործարանում նախատեսում են մթերել 14-18 հազ. տոննա խաղող, այս պահի դրությամբ արդեն մթերվել է 7 հազ. տոննա: Ընթացքի մեջ է գինու մթերման համար նախատեսված նոր տարաների տեղադրումը, որը թույլ կտա տարեկան մթերել մոտ 20 հազ. տոննա խաղող: Տեղեկացվել է, որ խաղողը մթերվում է առանց սորտային և քանակական սահմանափակումների, և վերջին 10 տարում մթերման ծավալը դինամիկ աճ է ունեցել՝ կազմելով  14-18 հազ. տոննա, իսկ իրացման ծավալը կազմել է 4-7 մլն շիշ: Աշխատանք է տարվում ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպական շուկայում ամրապնդվելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կոնյակի հնեցման, տեսակավորման, շշալցման, փաթեթավորման արտադրամասերում: Ընկերության ղեկավարությունը երկրի վարչապետին է ներկայացրել ընթացիկ և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև հետագա ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ ներկայում գործարանում իրականացվում են տեխնիկական-տեխնոլոգիական մակարդակի բարձրացման, հումքի պահպանման հնարավորությունների և ծավալի ընդլայնման աշխատանքներ:  Նախատեսվում է նաև ստեղծել ֆերմերային սպասարկման, աջակցման ծառայություն՝ նպատակ ունենալով թեթևացնել ֆերմերի գյուղատնտեսական աշխատանքի բեռը և ավելի որակյալ արտադրանք ստանալ: Դա նաև հնարավորություն կտա փոխել խաղողագործության մշակման կուլտուրան և սորտային կազմը և ամրապնդել ֆերմեր-վերամշակող կապը:

Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Արարատի մարզ աշխատանքային այցի ավարտին վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Մասիս քաղաքի «Ինտեր ակվա» ձկնաբուծական ընկերություն,  ծանոթացել արտադրական հնարավորություններին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930