ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը իր նախընտրական ծրագրային ելույթում անդրադարձավ ազգային հավաքականներին:
«Ազգային հավաքականների թեման բավականին ցավոտ է: Հասկանում եմ, որ շատ դժվար է լինելու փոխել այն կարծրատիպը, որ ձեւավորվել է տարիներ շարունակ եւ համաձայն որի ՀՖՖ աշխատանքը գնահատվել է բացառապես մեր ազգային հավաքականի եւ ակումբների ցուցադրած արդյունքներով: Իհարկե, ազգային հավաքականի արդյունքները չափազանց կարեւոր են: Բայց պետք է հասկանաք եւ ընդունենք, որ ազգային հավաքականը մեր ֆուտբոլային այսբերգի գագաթն է, իսկ հիմքը մանկապատանեկան ֆուտբոլն է:
Գագաթի հաջողության պայմանը ամուր հիմքն է: Մեր մոտեցումները հստակ են լինելու: Ես վերջին ամիսներին հանդիպել եմ ոլորտի բազմաթիվ փորձագետների հետ, թե Հայաստանում, թե Եվրոպայում, որտեղ ի դեպ գաղտնալսվել եմ, քննարկումներ անցկացրել: Իմ կարծիքով զարգացման ճանապարհը մեկն է՝ ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար մարզչական անձնակազմ բերելու նպատակով, այլ ստեղծել մի համակարգ, որը կօգնի աճել թե սեփական մարզիչներին, թե ֆուտբոլիստներին: Այս պատճառով մեր հիմնական նպատակն է լինելու մարզչական կրթության լուրջ փորձագետի հրավիրել եւ ստեղծել բարձրակարգ տեխնիկական տնօրինություն, որը ֆուտբոլիստների կրթության պրոֆեսիոնալ համակարգի ձեւավորման երկարաժամկետ ծրագիր կմշակի:
Ազգային հավաքականն էլ միշտ լինելու է ուշադրության կենտրոնում: Ֆուտբոլիստների համար արվելու է առավելագույնը, որպեսզի նրանք կարողանան իրենց որակները ի ցույց դնել միջազգային ասպարեզում: Բայց կրկնում եմ՝ առաջնահերթությունը համակարգ ստեղծելն է, որը հնարավորություն կտա Հայաստանում անընդհատ պատրաստել կարող ֆուտբոլիստներ եւ մարզիչներ եւ ոչ թե հույսը դնել երբեմն-երբեմն փայլատակող եզակի աստղերի վրա:
Անելիքները շատ են: Գալիք ամիսներին մենք շատ հնարավորություններ կունենանք խոսելու մեր ծրագրերի մասին: Վստահեցնում եմ, որ աշխատելու ենք թափանցիկ, աշխատանքներում ներգրավելու ենք բոլոր շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բաց է լինելու բոլոր առաջարկների համար: Հաջողություն մեր ֆուտբոլին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ