«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար: Շատ կարեւոր է գիտակցել, որ ես առաջադրվել եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում գրեթե բոլոր պատվիրակների կողմից: Դա ոգեշնչող է եւ միաժամանակ՝ պարտավորեցնող: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր համատեղ աշխատանքը ստացվի: Համոզված եմ՝ մենք միասին հաջողության կհասնենք: Վերջին երկու ամսվա ընթացքում իմ թիմի հետ նախանշել եմ հայաստանյան ֆուտբոլի զարգացման ուղիները, ուրվագծել այն զարգացման ծրագիրը, որը ցանկանում եմ միասին առաջնորդենք Հայաստանում: Այսօր կներկայացնեմ այն հիմնական դրույթները, որոնք կարեւոր եմ համարում հայկական ֆուտբոլի համար:
Կարեւորագույն սկզբունքը, որով, կարծում եմ, պարտավոր ենք առաջնորդվել, հետեւյալն է՝ ֆուտբոլը բոլորի համար է: Սա նշանակում է, որ մենք ֆուտբոլին պետք է մոտենանք որպես սոցիալական նախագծի: Հիշենք, թե առաջին հերթին ինչ է դրված մեր կազմակերպության անվան մեջ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ոչ թե Հայաստանի ազգային հավաքականի ֆեդերացիա կամ Հայաստանի ակումբների ֆուտբոլի ֆեդերացիա: Ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում, առաջին հերթին սիրողական, պետք է վերջապես դուրս գա Երեւանից եւ գնա դեպի մարզեր: Դա չպետք է կրի դեկլարատիվ բնույթ, պետք է լինի իրական, ամենօրյա աշխատանք ենթակառուցվածքների բարելավման եւ պայմանների ստեղծման ուղղությամբ: Այս ամենը պետք է սկսվի ֆունդամենտից՝ սիրողական եւ մասսայական ֆուտբոլից: Մեր տեսլականն է ֆուտբոլ խաղալու անվճար հնարավորություն ստեղծել Հայաստանի բոլոր վայրերում, բոլոր ցանկացողների համար: Սա անչափ բարդ եւ ֆինանսական լրջագույն ծախսերի հետ կապված խնդիր է: Այնուամենայնիվ, մենք քայլ առ քայլ շարժվելու ենք դեպի այդ նպատակը: Յուրաքանչյուր համայնք մեր երկրում գոնե մեկ խաղադաշտ պետք է ունենա, որը հասանելի կլինի բոլորին՝ երեխաներին, պատանիներին, մեծահասակներին: Մարզերը պետք է ներգրավված լինեն ֆուտբոլային գործընթացների մեջ: Մեր առաջնային խնդիրն է՝ հնարավորություն տալ լայն թվով մարդկանց զբաղվել սիրողական ֆուտբոլով, դա դարձնել ժամանց եւ առողջ ապրելակերպի հիմք: Իսկ հետագայում ճիշտ մեթոդաբանության կիրառմամբ ֆուտբոլի դպրոցների թվի աճի պարագայում ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորեն կբերի որակի: Մարզերում ֆուտբոլի զարգացման ծրագիրը լինելու է իմ ղեկավարած կառույցի առաջնահերթություններից մեկը:
Սա չի նշանակում, թե անտեսելու ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլը, ազգային հավաքականների կամ ակումբների խնդիրները…
Մեր կարծիքով գործադիր կոմիտեն պետք է ներառի ինչպես ֆուտբոլային հանրությանը, այնպես էլ հասարակության լայն շերտերը: Ֆուտբոլային ակումբների կարեւորագույն խնդիրները պետք է լինեն ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում: Խոստանում եմ՝ մենք փակելու ենք ՀՖՖ-ի եւ ակումբների թշնամանքի էջը: Ակումբներին աջակցելու, բայց նաեւ պահանջելու ենք մեկ բան՝ հետեւել արդար ֆուտբոլի կանոններին եւ չխախտել ՀՀ օրենսդրությունը», ասաց Արթուր Վանեցյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ