ԲՀԿ ավագանու թեկնածու Արամ Աբովյանն այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով խոսք հղեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին. «Պարոն Օսիպյան, խնդրում եւ պահանջում եմ՝ շտապ՝ բոլոր կուսակցությունների շտաբերում ստուգումներ սկսեք՝ 50 հազար դրամ են բաժանում»: Աբովյանը պնդեց՝ կասկածներ ունի, որ բոլոր քաղաքական ուժերի շտաբերի աշխատակիցներին պետք է բերման ենթարկել. «Եթե դա չեք անում, մենք այս ամենը դիտարկում ենք որպես քաղաքական հետապնդում մեր հանդեպ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանի՝ «ԲՀԿ-ն գումար է տվել ֆլեշմոբի մասնակիցներին» ահազանգի հետքերով ոստիկանությունը խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը: Արամ Աբովյանը կրկին ոստիկանապետին հորդորեց շտաբերում ստուգումներ անել, քանի ոմանք չեն փախել:
«Ինձ փողոցում մի տատիկ մոտեցավ եւ ասաց, որ կողքի շտաբերում հերթով գումար են բաժանում՝ հիսուն հազար դրամ»,-նշեց ավագանու թեկնածուն, ապա որոշ քաղաքական ուժերի կոչ արեց էժանագին խաղեր չխաղալ ԲՀԿ-ի հանդեպ. «Այդ տեխնոլոգիաները հնացել են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ