Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանի՝ «ԲՀԿ-ն գումար է տվել ֆլեշմոբի մասնակիցներին» ահազանգի հետքերով ոստիկանությունն այս պահին խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը: ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով հայտարարեց. «Երկու անգամ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Պարոն Մուկուչյան, դուք ի պաշտոնե պարտավոր եք Դանիել Իոաննիսյանին արգելել դա…Նա, խախտելով Ընտրական օրենսգիրքը՝ լռության օրը, հակաքարոզչություն է իրականացրել ԲՀԿ հանդեպ: Պարոն Մուկուչյան, ես սպասում եմ ձեր արձագանքին: Եթե դուք շարունակելու եք անգործություն ցուցաբերել, երկուշաբթի ԲՀԿ-ն 27 պատգամավորական ստորագրությամբ ստեղծելու է քննիչ հանձնաժողով՝ ձեր գործունեությունը քննարկելու համար: Այն, ինչ դուք արել եք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տարիներին, հիմա էլ փորձում եք նույն ծառայությունը մատուցել գործող իշխանությանը»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Տիգրան Մուկուչյանն իր հետ զրուցելիս ըստ էության հաստատել է, որ Իոաննիսյանի գործողություններն օրենքից դուրս են. «Հիմա ինչո՞ւ չեք արձագանքում: Ես անմիջապես ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին ուղարկել եմ այս ահազանգը: Նրանք տեղյակ են, որ ԲՀԿ-ի հանդեպ սկսվել է հստակ քաղաքական հետապնդման գործընթաց»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ ոստիկանապետից է պահանջում քրեական գործեր հարուցել՝ կեղծ մատնության հոդվածով. «Ընտրակաշառք չի կարող գտնվել, որովհետեւ այն չկա: Եթե հարկ լինի, կբարձրացնենք նաեւ պարոն Օսիպյանի հրաժարականի հարցը: Նա չի տիրապետում իրավիճակին եւ կազմալուծում է մեր աշխատանքը: Քանիցս հաստատվեց, որ կաշառքի մասին սուտ մատնություն են տվել մեր հասցեին, բայց պատժվողներ չեղան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ