«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը քիչ առաջ «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում: «Գալիս են ահազանգի հետեւից, պարզվում է՝ ոչ մի ընտրակաշառք չի բաժանվում»,-հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանն էր այսօր հայտարարել, թե ԲՀԿ-ն երեկ գումար է բաժանել ֆլեշմոբի մասնակիցներին:
«Ոստիկանության այս «ակցիայով» փորձում են երկու խնդիր լուծել՝ հանրային կեղծ կարծիք ձեւավորել, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, եւ վախի ու սարսափի մթնոլորտ տարածել»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք նաեւ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հերքել էր Իոաննիսյանի հայտարարությունը:
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, քարոզարշավի ընթացքում ԲՀԿ մոտ երկու հարյուր ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն որեւէ մեկի մոտ անօրինական փաստ չի հայտնաբերվել. «Արդյունքում աղմուկ հանեցին ԲՀԿ անվան շուրջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ