Այսօր «Մեդիա կենտրոն»-ում, երբ «Անկախ դիտորդ» դիտորդական հ/կ-ների դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն երեկ գումար է վճարել ֆլեշմոբի որոշ մասնակիցներին, վիճաբանություն տեղի ունեցավ: Ասուլիսին միջամտեց սրահում ներկա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը եւ մի քանի ակտիվիստներ: Վահե Էնֆիաջյանը նախ նստեց ասուլիսի սեղանի շուրջ եւ պնդեց, որ Իոաննիսյանի ասածներն ամբողջությամբ ապատեղեկատվություն են: Էնֆիաջյանի ասածը, սակայն, ավարտին չհասավ, քանի որ ասուլիսի մասնակիցներն ու կազմակերպիչները հիշեցրին, որ դա իրենց ասուլիսն է, որն ընդհատվել է:
Տղամարդկանց միջեւ վիճաբանություն սկսվեց (տեսանյութում՝ 30-րդ րոպեից), որը րոպեներ շարունակ հեռարձակվում էր «Մեդիա կենտրոն»-ի ուղիղ եթերում: «Ձեր ասածները կապված են մեր քաղաքական ուժի հետ, ո՞նց եք պատկերացնում, որ մենք չարձագանքենք: Այս ի՞նչ նոր մոտեցումներ են նոր Հայաստանում»,-դժգոհեց Վահե Էնֆիաջյանը, ապա միջամտեցին ԲՀԿ ակտիվիստները: Դանիել Իոաննիսյանը բղավեց նրանցից մեկի վրա. «Դու ո՞վ ես, որ ինձ հարգանք սովորեցնես: Եկել ասուլիս եք ընդհատում ու հարգանքից եք խոսո՞ւմ»:
Վիճաբանությունը հանդարտվելուց հետո դիտորդական դաշինքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը շարունակեց մամուլի ասուլիսը. «Խոսքի ազատության սահմանափակումը, հատկապես ԱԺ պատգամավորի կողմից, որակում եմ նաեւ որպես սպառնալիք մեր նկատմամբ: Կարող էին չհամաձայնել մեր հետ, բայց դրա համար ընթացակարգ կա՝ հայտարարությունից մինչեւ իրավապահ մարմիններին դիմելու հնարավորություն»: Դանիել Իոաննիսյանն էլ պնդեց, որ իրենք փաստեր ունեն, մասնավորապես՝ ձայնագրություններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ