ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան. հայցվորը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Ինչպես տեղեկացանք դատական համակարգից, հայցվորը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և հրապարակայնորեն հերքել, իսկ թե ինչն է պահանջել հերքել՝ «Փաստինֆոյին» դեռևս չի հաջողվել պարզել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք:
«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»,- հայտարարել է Վանեցյանը:
Սեդրակ Քոչարյանը, ըստ Datalex տեղեկատվական համակարգի՝ նաեւ դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի:
Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել, ինչպես նաև հրապարակային հերքում: Թե ինչ հերքման մասին է խոսքը, այս դեպքում ևս մանրամասներ չկան՝ ըստ «Առաջին լրատվականի»: