Այսօր Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար կանգառ ունեցավ Երասխի միջնակարգ դպրոցում, որի բակում, բացի կրթության, այս դպրոցի վիճակի մասին խոսելուց անդրադարձավ նաեւ մայիսին տեղի ունեցած գործընթացներին՝ նշելով, որ քայլն իրենք արել են, եկել է ժամանակը, որպեսզի բոլորն աշխատեն:
Վարչապետն ասաց, որ մարզի կրթական, առողջապահական, գյուղատնտեսական խնդիրները լուծելու նպատակով ամեն օր պետք է փոքր, բայց ինչ-որ աշխատանք տարվի:
Պարոն Փաշինյանը լսեց նաեւ Երասխի բնակիչներին: Մի տիկին խոսք խնդրեց, ասելով՝ պարոն Փաշինյան էս ի՞նչ արեցիք:
«Ես տասը միլիոն բնակչության կողմից շնորհակալություն եմ հայտնում, ամեն օր աղոթում եմ ձեր համար»,-ասաց կինն ու խնդրանքով դիմեց վարչապետին՝ ասելով որ 3-4 անգամ ծանր վիրահատություն է տարել եւ կրկին պետք է ենթարկվի մի քանի վիրահատության. «Պարոն վարչապետ հնարավոր չէ՞ գոնե 5-րդ 6-րդ վիրահատությունը լինի պետպատվերով՝ թեկուզ այն պատճառով, որ սահմանամերձ համայնքի բնակիչ է»:
Ի պատասխան վարչապետն ասաց, որ հարցը կուսումնասիրեն ու այն այնքանով է ուշագրավ, որ համ էլ կհասկանան՝ ինչպես պետք է վարվեն նման դեպքերում:
Վարչապետը շրջեց դպրոցում, եղավ նորաբաց ճաշարանում: Զարմացավ, որ սահմանամերձ գյուղի դպրոցն այդ վիճակում է:
Դպրոցի մի մասնաշենքը 1992 թվականին ռմբակոծվելուց հետո մինչ օրս չի վերանորոգվել. պատուհանները կոտրված էին, դասասենյակները փլված, զուգարանները՝ կողպված, հատակը բետոնապատ: Դպրոցն ունի 116 աշակերտ: Ռմբակոծված մասնաշենքում դասեր չեն պարապում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ