«Մարզպետարանի հարգելի ներկայացուցիչներ, գյուղապետարանի ներկայացուցիչներ, չգա՛ք, ասեք՝ Զենիթ հակակարկատային կայաններն արդյունավետ չեն, ես ունեմ օրինակ, որ գործարարն ասել է, որ այդ կայանները տեղադրելուց հետո մի կաթիլ կարկուտ չի եկել»,-այսօր Արարատի մարզպետարանում այսպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակակարկտային կայանների վերաբերյալ բուռն քննարկումներից հետո:
Սուրենավանի գյուղապետից վարչապետը հետաքրքրվեց, թե ինչու հակակարկտային կայանները չեն աշխատել եւ Սուրենավանում կարկուտը բերքը տարել է: Գյուղապետն ասաց, որ չորս հակակարտային կայան ունեն, միայն մեկը չի աշխատել, քանի որ մասը գողացված է եղել, հենց այդ հատվածն էլ կարկուտը հարվածել է:
Վարչապետն ասաց, որ շատ խոսվում է հակակարկտային անարդյունավետության մասին, բայց ինքը Արագածոտնի մարզում Արմաս գինու գործարանում, որն ունի հեկտարներով այգիներ, շրջայցի ժամանակ հետաքրքրվել է այս հարցով, ինչին ի պատասխան ասել են, որ տեղադրված հակակարկտային կայանները արդյունավետ են, քանի որ նորմալ գազով են աշխատեցնում եւ ինչ տեղադրված են կայանները «մի կաթիլ» կարկուտ չի ընկել իրենց այգիների վրա:
Գյուղատնտեսության նախարարը պարզաբանեց, որ գյուղերում տեղադրված կայանները պրոպան բոթանի խառնուրդով են լիցքավորվում, մինչդեռ արդյունավետ լինելու համար պետք է ացետիլեն գազով լիցքավորվեն: Բայց, ըստ նախարարի, 4-րդ եւ 3-րդ կատեգորիայի կարկուտի դեպքում անգամ այդ գազով աշխատող կայանները չեն օգնում եւ անհրաժեշտ են հրթիռային կայաններ: Վարչապետն ասաց, որ կարկուտը հիմնականում Արմավիրի մարզում է տեղում, իսկ այնտեղ գտնվում է մեր միջազգային օդանավակայանը, որի առկայության պարագայում հրթիռային կայաններն արգելված են: Եվ քանի որ վարչապետն ուներ օրինակ, որ Արմաս գյուղում կայանները միանգամայն արդյունավետ են աշխատում, իսկ կառավարության որոշ պաշտոնյաներ քննարկումների ժամանակ իրեն ասել են, որ հրթիռային կայաններն են միակ հարցի լուծումը, ասաց, որ դեռ ինքը կրկին կքննարկի այդ պաշտոնյաների հետ հրթիռների կայանների հարցը. «Ես կհետաքրքրվեմ՝ կառավարության պաշտոնյաներն ինչո՞ւ են ասում հրթիռներ պետք է տեղադրենք: Հիմի էլ հրթիռի գործ ենք դրել, հրթիռի գործ ենք անելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ