Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգամ էլ Հայաստանի անկախության տոնը դիմավորեցի անազատության մեջ. Արմեն Դավթյան

Սեպտեմբեր 22,2018 11:44

Այս անգամ էլ Հայաստանի անկախության տոնը դիմավորեցի անազատության մեջ։  Մեղավոր-անմեղ ենք՝ կարեւոր չի։ Շատերս ենք բռնվելուց հետո ինքներս մեզ համոզում, որ՝ «գլխներիս սարքել» են։

Ազատության մեջ ընկնելով՝ անկարեւորի հետեւից շատ հաճախ ժամանակ չենք ունենում մտածելու, թե ով ենք ու ինչ «մարդահեսաբում» ունենք։ Անազատության մեջ ժամանակ ենք ունենում ինքներս մեզ վերլուծելու, ինքնաարժեւորելու։ Մի պահ ընդունենք՝ իմ գլխին էլ են «սարքել»: Աղաղակեմ՝  քաղբանտարկյալ եմ, լրագրողական աշխատանքիս արդյունքում են ինձ խարդախության համար դատապարտել։ Հիմքեր, ապացույցներ գուցե կա՞ն: Բայց փաստը այն է, որ ես հանցագործ եմ։ Մորս բնութագրմամբ ես կարգին տղա էի, «փչացա» այն օրը, երբ դարձա Սյունիքի մարզային թիվ 9 ընտրական հանձնաժողովի անդամ։ Դա 1996 թվականի սեպտեմբերի 21-ն էր։ Բռնվեցի 2015թ-ին։ Ուրեմն՝ 19 տարի «փչացած» -ի կենսակերպով եմ ապրել։

Ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, ընտրախաղեր…Ու պտտվեցի ես այդ հորձանուտի մեջ. հանկարծ բոլորը դարձան իմ ընկերը, իմ լավ բարեկամները, քանի որ հանձնաժողովի անդամ լինելով՝ հարց լուծող էիր դառնում։

Չլսեցի իմ վաղամեռիկ ընկեր լրագրող Գոհար Իսախանյանի խորհուրդը՝ «տղա ջան, գետը ամեն անգամ գաթա չի բերի»: Չլսեցի ոչ մեկին կամ չուզեցի լսել՝ չգիտեմ։ Բայց մի օր այնքան «փչացա» ու դարձա անազատ։ Անազատ ու սկսեցի գնահատել ազատությունը։ Անազատության առաջին իսկ ժամերից հույս ես փայփայում, որ համաներում կլինի, օրենք կփոխվի ու շուտ կազատվես։ Նախահեղափոխական Հայաստանում բոլորը կարծում էին, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մարդասիրական որոշում կլինի։ Չեղավ։ Մայիսի 8-ին, երբ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, կալանավայրում ցնծություն էր։ Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի հետ համարյա ամեն օր ճաշել էին, ովքեր Ազատիչի հետ առաջին «կրուգ» էին ֆրֆռում, (իհարկե իրենց պատմելով) րոպեների ընթացքում դարձան նիկոլական։

Հիշեցին՝ Նիկոլի հետ կալանք են նստել, Նիկոլը, երբ լրագրող ու պատգամավոր էր, միշտ  իրենց էր հանդիպում։ Իսկ մոլի ֆանատները նստարանին գրեցին՝ այդտեղ նստել եւ սրճել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ու վերջինիս լավ ճանաչող ախպեր-ընկերները սկսեցին ենթադրել՝ կալանքն իր մաշկի վրա զգացած վարչապետը երբ համաներում կհայտարարի։ Մայիսի 28-ը դարձավ հուլիսի 5, հետո հույսները դրեցին սեպտեմբերի 21-ի վրա։ Չլինի հիմա՝ ուրեմն Ֆրանկֆոնիայի օրերին կլինի՝ աշխարհին բան ունենք ապացուցելու։ Ավելի վատատեսների կանխատեսմամբ՝ համաներումը խորհրդարանական ընտրություններից նախօրեին կլինի՝«ձայն ա պետք»:

Իսկ հին կալանավորները մի ճշմարտություն գիտեն՝ հույս մի փայփայեք, «կալենդար» կազատվեք։ Իսկ իմ «կալենդարին» դեռ շատ կա։ Ուրեմն՝ էլի պիտի քննեմ ինքս ինձ, «գցեմ-բռնեմ»՝ ինչու այսքան «փչացա»: Համոզված եմ, եթե «կալենդարիցս» էլ շուտ Աստված ազատության դուռս բացի՝ այլեւս անազատության դարպասները մտքովս անգամ անց չեմ կացնի….

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ- Թերեւս համաներումն էլ ինձ չի փրկի, քանի որ «ռասկրուտկի» մեջ եմ։ Ելքը գուցե ներման խնդրագիրն է, որի ժամանակը դեռ ինձ համար չի եկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930