Այո, երիցս ճիշտ է, որ անմահները շտապելու տեղ չունեն, քանի որ նրանք միշտ մեզ հետ են` ինչպես Խորենացին, ով ասում էր, թե.
– Աստված լոկ կարեւոր բաների մասին է հոգում` չնչին բաները թողնելով պատահականությանը:
Ճիշտ է նաեւ, որ երբ իշխանությունը բաժանված է շատերի միջեւ, անպայման թուլանում է նախանձի չափը, չնայած որ միեւնույն է՝ նավը ղեկավարում է ոչ թե ղեկանիվը, այլ նա, ում ձեռքին է ղեկը:
Եվ մենք` ճիշտ ու սխալի սահմանագծում ապրողներս, երբեմն չենք էլ ենթադրում, որ պատահականության ալիքի վրա բարձրացած իրենց համառորեն ցուցադրողները միշտ չէ, որ գիտեն ճանապարհը` առավել եւս չեն կարող առաջնորդել: Ինչպես որ ամեն սարի վրա չէ, որ սուրբ կա, եւ ամեն հռչակված սուրբ չէ, որ կարող է օգնել կամ ամոքել դեպի իրեն գնացող ուխտավորներին…
Այս մտքերն իմ մեջ արթնացրին-հիշեցրին տարիների հետ մաշվող, բայց երբեք չմոռացվող մի պատմության ծվեն, երբ ես ուզում էի պատգամավոր ընտրվել Աշոցքի եւ Ամասիայի ծաղկած սար ու ձորերի մեջ կորած եւ աշխարհի կողմից մոռացված եզերքներում:
Ու ընդունված կարգի համաձայն` իմ՝ գյուղեգյուղ նախընտրական թափառելու ընթացքում, հիմա լավ չեմ հիշում՝ Մուսայելյան, թե Զույգաղբյուր գյուղում, հանդիպեցի մի իմաստուն ծերունու:
Ինձ ուղեկցում էին իմ ընկերները եւ առաջներում այդ կողմերից ընտրված մի նախկին պատգամավոր (խնայելով՝ չեմ ուզում անունը հրապարակել), ով միացել էր նախընտրական մեր թափորին` վստահ, որ ինքը բարի անուն է թողել եւ կարող է ինձ օգտակար լինել:
Եվ երբ գյուղամիջում հավաքված ժողովրդի հետ կանգնած զրուցում էինք, ինձ մոտեցավ Էնթոնի Քուինի դեմքով այդ փառահեղ ծերունին եւ ասաց.
– Տղա՛ ջան, բարո՛վ ես եկել, մենք քեզ ճանաչում ենք «Գարուն» ամսագրից եւ գյուղովի որոշել ենք մեր ձայնը քեզ տալ, բայց այս մարդուն հետդ իզուր ես բերել: Եվ մատով ցույց տալով ինձ ուղեկցող նախկին պատգամավորին` ասաց.
– Ինքը ժամանակին շատ բան խոստացավ, բայց վնասից բացի՝ ոչ մի օգուտ չբերեց:
Ծերունին ձեռքը դրեց ուսիս ու շարունակեց.
– Բայց քեզ մի խնդրանք ունեմ, այս դիմացի կլոր սարը տեսնո՞ւմ ես, վրան սուրբ կա, ժողովուրդը բարձրանում մոմ է վառում, բայց մինչեւ այսօր ոչ ոքի մի օգուտ չի տվել: Միայն մի բանն է լավ, որ վնաս էլ չի տալիս: Հիմա քեզ խնդրում եմ, որ երբ ընտրվես, գոնե մեր այս սրբի պես լինես` եթե չես կարող օգնել, վնաս էլ չտաս…
Ծերունին խոսում էր, իսկ ես հիշում էի, թե ինչպես իմ հորաքրոջ տղա` Վրաստանում նշանավոր ֆուտբոլիստ Դիմիկի շուրջը հավաքված մեր ամբողջ գյուղը լսում էր նրա պատմությունը ֆուտբոլային վերջին խաղի մասին, երբ հայտնվեց մի կարճահասակ անծանոթ տղա, ձեռքը մեկնեց Դիմիկի փողկապին` որպես աշխարհ տեսած տղայի, ձգեց ռեզինը եւ շպպոցով բաց թողեց դեմքին՝ ասելով.
– Ո՞նց ես, պիտո՛ւխ:
Հետո պարզվեց, որ այդ անծանոթ տղան եկել էր մեր գյուղից աղջիկ ուզելու, եւ որպեսզի երեւելի դառնար աղջկա համար, ձեռքը մեկնում էր գյուղի նշանավոր տղայի փողկապին: Նա, իհարկե, այդ աղջկա հետ չամուսնացավ, քանզի գյուղացիները նրան քշեցին: Ինչեւէ, տղա էր, եկավ-գնաց, ում անունն էլ արդեն չեմ հիշում: Մեր ֆուտբոլիստ Դիմիկը մնաց երեւելի, իսկ պատահական հանդուգնի անունը մնաց Պիտուխ:
Եվ հիմա, շարունակելով հիշել այդ իմաստուն ծերունու խոսքը, մտածում եմ պատահականության ալիքի վրա բարձրացած, ամեն գնով իշխանության մղվող եւ երեւելիների փողկապը ձգել փորձող տղերքի մասին, որոնց, կարծում եմ, չէր խանգարի ծերունու հնչեցրած չկայացած սրբի օրինակը.
– Եթե չեք կարող օգնել, Աստծու սիրուն, գոնե մի՛ խանգարեք:
Ես միշտ վախեցել եմ, թե ինչ կա ոլորանից այն կողմ: Այսօր, սակայն, վստահ եմ, որ ոլորանից այն կողմ մեր ամուր պետությունն է եւ Հայրենիքը համահայկական:
Այսինքն՝ թողնենք չնչին բաները եւ մտածենք կարեւորի մասին:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ