Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Կեղծ սնանկության գնացին, որպեսզի կոռուպցիոն գործարքները ջրի երես դուրս չգային»

Սեպտեմբեր 22,2018 13:30

«Բանկային համակարգի նպատակը մեր տպավորությամբ իշխող էլիտայի սպասարկումն է ժողովրդի հաշվին: Բանկերը հետեւողականորեն ունեզրկել են քաղաքացիներին, մարդիկ դարձել են բառացիորեն «բոմժեր»,- այդպես է կարծում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանը, որը ներկայացնում է բանկերից մեկի զոհերից՝ «Արտյոմ եւ Վահագն» ՍՊ ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանի շահերը:
«Հայելի» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան-ներկայացուցիչը հիշեցրեց, որ տարիներ առաջ շրջանառության մեջ դրվեց օֆշորային սկանդալների մեջ ներքաշվածների գործը, լսվում էին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, մասնավորապես, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի:

Փաստաբանը ներկայացրեց «հանցավոր խարդախության» մի շղթա, որում ներգրավված են կեղծ սնանկության որոշում ընդունող դատավորները, իրավապահները, «էլիտան»:
Ա.Գրիգորյանն ասում է, որ մինչ օրս չեն հրապարակվում այն իրավապահների, դատավորների անունները, ովքեր վարկեր ունեն վերցրած բանկերից, ովքեր «սնվում» են բանկերից: Այդ պատճառով ակնկալել, թե որեւէ գործ կբացահայտվի, առնվազն տարօրինակ կլինի: Չնայած, տեղեկացրեց, որ 2001թ.-ին հիմնադրված «Արտյոմ եւ Վահագն» ՍՊ ընկերության, ՍՊ ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանի գործով դիմելու է եվրոպական միջազգային կառույցներին, դեսպանատներին:

Այս գործով ահազանգվել է եւ հաղորդում ուղարկվել ԱԱԾ տնօրենին եւ վարչապետին: Եվ ի՞նչ եք կարծում, ինչ է հետեւել. ԱԱԾ-ին ուղղված ահազանգից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի թաղայինը փորձել է ՍՊ ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանի գործին «ընթացք տալ», սակայն տեղյակ չի եղել, որ խնդիրը միլիոնավոր դոլարների հետ է կապված:
Արտյոմ Մակարյանը արտադրության մարդ է եղել, եղել է Արցախյան պատերազմի ժամանակ ամենաերիտասարդը, մի շարք բարեգործություններ է արել, բացել է աշխատատեղեր սպիտակցիների համար:
2009թ.-ին ծանոթանալով Տիգրան Զաքարյանի հետ՝ ստեղծել է «ԱՏ Գրեյն» ՍՊ ընկերությունը: Որպեսզի համատեղ ձեռնարկ իրականացնեն, վստահել է նրան, գրավ է դրվել այդ նպատակի համար Սպիտակ քաղաքում գտնվող, իրեն պատկանող թանկարժեք էլեվատորը, տունը, ինչքը՝ Երեւանի Կոմիտասի հասցեում գտնվող հացի արտադրամասը: Այն գործել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում եւ զբաղվել սննդի արդյունաբերությամբ եւ ալյուրի արտադրությամբ՝ զբաղվել է ցորենի ու գարու ներկրմամբ: Ըստ բանախոսների, անսպասելի իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել այն բանից հետո, երբ արտադրամասում գողություն տեղի ունեցավ: Իրավապահները գողությունը բացահայտելու փոխարեն, կրկնակի հետապնդման սկսեցին ենթարկել նրանց, զուգահեռ մեղադրելով նրանց առերեւույթ առեւանգման համար: Ազատազրկվում են, անգամ՝ Լուսինեն:
«Օգտվելով այն հանգամանքից, որ Արտյոմ Մակարյանը վերոնշյալ գործով գտնվում էր այդ ժամանակ անազատության մեջ, «ԱՏ Գրեյն»-ի հիսուն տոկոս մասնակից, Սուքիասյաններին պատկանող՝ Սեւանի ալրաղացի տնօրեն Տիգրան Զաքարյանը նրան համոզում է դուրս գալ ընկերությունից, պատճառաբանելով, որ չեն կարողանում աշխատել: Նորմալ աշխատելու համար դրսից ներդրողներ, հովանավոր է հարկավոր: Պարզվեց, որ այդ հովանավորը Ավետիք Նազարեթյանն էր, ով դարձյալ աշխատել էր բանկերից մեկում, Սուքիասյանների նախկին փեսան էր:
Տիգրան Զաքարյանը ստանալով ընկերության հարյուր տոկոս մասնակցի իրավունք, Արտյոմի վստահությունը չարաշահելով, այս տարիների ընթացքում հափշտակել է Արտյոմին պատկանող չորս միլիոն ԱՄՆ դոլար գումարը»,-ասում է Լուսինե Նալբանդյանը:

Ի դեպ, վերջինս տեղեկացել է, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. հունիսի 6-ի վճռով «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Իսկ ընկերության պարտատերերն են՝ «Ամերիաբանկ» ԲԲԸ-ն, որին «ԱՏ Գրեյն»-ը պարտք է 92 հազար 609 դոլար: Ի դեպ, դատարանի 21.06.2016թ. որոշմամբ «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը: «Առավոտի» հարցին, թե ինչպես կարող էր 700 միլիոն վարկ մեկ օրում ստացող ընկերությունը սնանկ ճանաչվել, ինչ հիմքով, որոշման մեջ ինչ է պատճառաբանվել, փաստաբան Արթուր Գրիգորյանն ասաց, թե որոշումը իրենք չունեն, եւ որոշման մասին տեղեկացել են պատահաբար:

«Սնանկության մասին» գործող օրենքի համաձայն, պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Հիմքերն են՝
1) Հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն` վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, եւ բացակայում է հաշվանցի հնարավորությունը, պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, եւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, եւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Ինչ է նշանակում սեփական նախաձեռնությամբ: Եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի եւ ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։

Ստացվել է, որ առանց Արտյոմ Մակարյանին տեղեկացնելու, նրան հանել են պետռեգիստրի հաշվառումից:

Բանախոսները նշեցին, որ նախկին իրավական համակարգի ծանր հետեւանքները վերացնելու նպատակով, Արտյոմը համաձայնում է. նա հրաժարվում է իր բաժնեմասից, իսկ երբ 2014թ. հունիսին գրավ դրված գույքը վերադարձնում են, «Ամերիաբանկում» մեկ տարի ժամկետով այդ գույքը դրվում է վարկավորման նպատակով: Վարկավորող սուբյեկտը դառնում է «Արտյոմ եւ Վահագն» ՍՊ ընկերությունը: Կնքվում է վարկային պայմանագիր ՍՊ ընկերության հետ, 700 միլիոն դրամի վարկային գիծ բացվում: Կնքվում են «ԱՏ Գրեյնի», «Արտյոմ եւ Վահագն» ՍՊ ընկերությունների հետ փոխառության պայմանագրեր: Հետագայում «Ամերիաբանկը» երկարացնում է ոչ միայն ժամկետը եւս մեկ տարով, այլ նաեւ գրավ դրված գույքի ծավալը. Արտյոմի տան անդամներին պատկանող գույքը նույնպես ներառնվում է այս գործարքի մեջ: «Ներկայումս բանկում դրված են Սպիտակի հացամթերքի կոմբինատի, կնոջ, մոր բոլոր անշարժ եւ շարժական գույքերը»,-ասում է Լ.Նալբանդյանը: Բանկի փոխանցած որեւէ գումար «Արտյոմ եւ Վահագն» ՍՊԸ-ն չի տնօրինել, իսկ 6 524 000 ԱՄՆ դոլարից որպես վարկի գումար փոխառության պայմանագրերի հիման վրա 2 600 000-ը փոխանցվել է «ԱՏ Գրեյնին», մի մասն էլ «Նոր Հայկ» ՍՊԸ-ին, որի տնօրենն է Հայկ Կարապետյանը: Ըստ Լ. Նալբանդյանի, բանկը մնացած գումարն աստիճանաբար վերցրել է, որպես վարկի մարում, դրան գումարած իրենց ՍՊԸ-ի 450 000 դոլարը:

Ըստ Լ.Նալբանդյանի, իրենք այս խարդախությունների պատճառով, հարկային պարտավորությունները չեն կարողանալու կատարել, էլ չենք խոսում հիսունից հարյուր աշխատատեղերի կորցնելու մասին:
«Մեր հանգիստ ապրելու իրավունքը դադարել է: Պետության ներսում կա պետություն: Մի խումբ մարդկանց, ովքեր իրենց հեղինակություն են համարում: Ավետիս Նազարեթյանը ինձ ընտրել է որպես գործիք, իր կեղտոտ մախինացիաների համար»,-ասում է Լուսինեն, որը փորձում է իրենց կորցրած գույքը հետ բերել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930