Մեր հայրենակից Հարութ Քելլեյանի ճակատագիրը
Պատերազմի պատճառով բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ իրենց համար կյանքի եւ կենսագործունեության նոր հանգրվան դիտարկեցին Հայաստանը: Շատերը հայրենիք եկան՝ որպես միակ փրկօղակ: Իրավիճակի գնահատականները խիստ տարբեր են՝ հիասթափությունից մինչեւ լավագույն պայմաններ ապահովող գործունեություն: «Առավոտը» հանդիպեց ոգեւորություն ապրած երիտասարդի՝ Հարութ Քելլեյանին, որը մինչ պատերազմն է եկել ու հիմնվել հայրենիքում: Մեր զրուցակիցն ասաց, որ եղել են մարդիկ, ովքեր խորհուրդ չեն տվել, ավելին, վախեցրել են, թե գոյատեւելը դժվար է, աշխատանք չկա: «Եկա՝ տեսա բոլորովին այլ պատկեր: Հասկանում էի, որ երկիր էի փոխում, իհարկե՝ դժվարություններն անխուսափելի են… Ընդամենը տասը օր էր՝ Երեւանում էի, որ անցա աշխատանքի: Հետո հայրենիք եկան ծնողներս… Հիշում եմ՝ հայրս երեք որդիներին միշտ ասում էր՝ կնության կվերցնեք հայուհու: Նրա խորհրդով մի քանի տարի հանգստանալու ենք եկել հայրենիք: Նա ասում էր, որ այդ նպատակով առանձնացված գումարը թող ծախսվի Հայաստանում… Այստեղ մեկ-երկու տարբեր աշխատավայր փոխելով՝ հասա մինչեւ բանկի խորհրդի նախագահի օգնականի պաշտոնի: Ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերից մշակույթի պետական քոլեջում եմ՝ որպես տնօրենի օգնական միջազգային կապերի գծով»,- ասաց մեր զրուցակիցը: Տեղեկացրեց, որ ուսանել է Հալեպի համալսարանի մենեջմենթի եւ մարքեթինգի բաժնում, ապա Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ստացել ճարտարապետ-շինարարի որակավորում: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ի՞նչը ձգեց քոլեջում, որ թողեցիք բարձր վարձատրվող աշխատանքը բանկում, Հարութ Քելլեյանը պատասխանեց. «Իմ էությամբ արվեստի մարդ եմ: Տարված եմ եղել մշակույթով, հատկապես հայկական: Երաժշտության հանդեպ սերս ինձ տարել էր Հալեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու շուրջ տասը տարի Շահեն Քեշիշյանի ղեկավարությամբ երգել եմ երգչախմբում: Ի դեպ, խմբավարը ընտանիքով նույնպես հաստատվել է Երեւանում: Այս պահին չեմ կարող մտաբերել, բայց հույն փիլիսոփաներից մեկն ասել է՝ երբ մարդն իր նախասիրությունը դարձնում է աշխատանք, կենսակերպ, ինքը դառնում է երջանիկ անձնավորություն, շրջապատն էլ ակամա խոսում է նրա գործի, նվաճումների մասին»:
Նոր-նոր աշխատանքի անցած տնօրենի օգնականից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ծրագրեր ունի: «Մինչ աշխատանքի անցնելը մշտապես ոգեւորված եմ եղել միջազգային մրցույթներում, փառատոներում քոլեջի սաների հաջողություններով: Խոսքս փոքրիկ եւ պատանի երգիչների մասին է: Տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ ցանկություն ունենք այդ հաջողություններին գումարել նաեւ դեռեւս սովորելու տարիներից ռեժիսուրայի եւ դերասանական բաժինների սաների ձեռքբերումները, հասնել այն բանին, որ թեկուզեւ փոքրիկ ֆիլմեր, սկեչներ նկարահանվեն հենց քոլեջում: Իսկ դրա համար պայմաններ են հարկավոր, դրա համար անհրաժեշտ են ներդրումներ: Պետք է հասնենք նրան, որ այդ նպատակներով ոգեւորենք ինչպես հայաստանցիներին, այնպես էլ արտասահմանցիներին: Պարոն Կիրակոսյանի հետ ցանկություն ունենք առաջիկայում քոլեջում ունենալ բարձրակարգ ձայնագրման ստուդիա: Այսօր արդեն անհրաժեշտ է նույնիսկ փորձի փոխանակման նպատակով՝ թե դասախոսների եւ թե սովորողների, կապեր հաստատել արտասահմանյան մշակութային հաստատությունների հետ: Ունենք պրոֆեսիոնալ դասախոսներ: Հիմա նախաձեռնում ենք, որ սովորողներ ընդունենք նաեւ արտերկրից, եւ այլն: Ի վերջո, մշակույթի պետական քոլեջում գործող 9 բաժիններն ուզում ենք ընդլայնել, եւ այլն, եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը: Հաստատելով մեզ հասած լուրը, թե իրեն հայրենիքում նկատել են եւ իրենց պարբերականների համար նկարել են արտասահմանցիներ, Հարութ Քելլեյանը փաստեց, որ աշխատել է ոչ միայն մեր, այլեւ արտասահմանցի լուսանկարիչների հետ, իսկ լուսանկարները տեղ են գտել արտասահմանյան որոշ հայտնի պարբերականներում, այդ թվում՝ ֆրանսիական Numero Magazine-ում:
Անդրադառնալով քոլեջի ստեղծագործական կյանքին, տնօրենի օգնականը տեղեկացրեց, որ այս օրերին իրենք նախապատրաստվում են Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում մասնակցելու մշակութային միջոցառումներին եւ արդեն մտմտում են 2019թ. իրենց հաստատության հոբելյանական 90-ամյակը շուքով նշելու առիթով:
Մեր զրուցակիցը համեստորեն լռեց իր մասնակցությամբ հայկական մեկ-երկու, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով էկրաններին ցուցադրված Կարինե Խոդիկյանի սցենարով կինոռեժիսոր Վահե Յանի «Արմատները» ֆիլմի մասին, որտեղ նկարահանվել է դերասաններ Անդրանիկ Բաբայանի, Մերի Մկրտչյանի եւ այլոց հետ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
21.09.2018