Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հուսով է, որ Հայաստանում «բեզպրեդելի» ժամանակներն անցել են, այսօր, քարոզարշավի վերջին օրը, այդ մասին թեկնածուն հայտարարեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
ԲՀԿ-ն իր քարոզարշավը կամփոփի այստեղ, եզրափակիչ միջոցառումներին կմասնակցի նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Եթե հանկարծ այս քարոզարշավում էլ գործի դրվեց վարչական ռեսուրսը, եթե ԿԸՀ-ն թվեր նկարեց, ինչպես արել է բոլոր ընտրությունների ժամանակ` կատարելով օրվա իշխանության հրահանգը, Նաիրա Զոհրաբյանը վստահ է`ժողովուրդը ոտքի է կանգնելու, որովհետեւ այլեւս չեն հանդուրժելու կեղծիք եւ մենաշնորհ:
Այլ մանրամասները`տեսանյութում:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ «Մերժիր Սերժին» կարգախոսից հետո պետք է գային կառուցելու ժամանակները: Նա հասկանում է, որ ժողովուրդը նախկին իշխանությունից շատ էր դառնացած եւ հիմա, մարդիկ մտածում են` կապ չունի, թե ով է գալու: «Հեղկոմներով» եւ հեղափոխական էյֆորիայով չի կարելի երկիրը կործանել, քանի որ արդեն Արենիում են կրակում, իսկ Արենին Երեւանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Նա իշխող քաղաքական ուժին հորդորեց`ատելություն չսերմանել. «Չէ՞ որ դուք իշխանության եք եկել սիրո եւ հանդուրժողականության կարգախոսներով: Ինչո՞ւ եք ուզում ամեն տեղ դուք լինեք»: Ասաց` քաղաքացուն պաշարել եք`«մենք ենք, մեր միտինգները» շրջանակում եւ թույլ չեք տալիս, որ քաղաքացին մտածի եւ հարցնի`ինչի՞ են Արենիում կրակում:
«Եթե անգամ իրենց թիմից մեկը կա, որ ասում է, պետք է ընտրեք Մանվել Գրիգորյանին, եթե առաջադրեն, մենակ նրա համար, որ Փաշինյանն ա առաջադրել… ժողովուրդ սթափվեք, ժողովուրդ` կանգ առեք, դուք իրավունք չունեք վտանգելու երկրի, Հայաստանի, նրա մայրաքաղաքի ապագան: Չի կարելի, էյֆորիաներն անցնելու են, դուք մնալու եք ձեր խնդիրների հետ դեմ-հանդիման եւ ասելու եք` էս ի՞նչ արեցի»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը, հորդորելով երեւանցիներին լավ մտածել` ինչ են ուզում`հավերժական հանրահավաքնե՞ր, թե՞ կայունություն եւ աշխատանք:
Նա հորդորեց ընտրել խղճով եւ մտածելով, բայց մտածել ոչ թե հեղափոխական պաթոսի մասին, այլ Երեւանի, Հայաստանի եւ իրենց երեխաների ապագայի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մեկը լինի հարցնի էս ի’նչ խառնաշփոթ է, էս ինչ են բաժանում: Այս երևույթը ուրիշ է’ նման չէ 2015թ-ի փետրվարի 12-ի կոպիտ արտահայտություններին:Առջևում ազգային ժողովի նիստեր կլինեն որտեղ Դուք կապացուցեք,որ ծնվել եք ծառայելու ժողովրդին: