Սեպտեմբերի 19-ին Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների սրահներում անցկացվեց մշակութային երեկո և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, ինչպես նաև՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակներին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային Ժողովի պատգամավորներ, քաղաքապետներ, շրջանային և քաղաքային խորհուրդների ղեկավարներ, հոգևոր հայրեր, Լիոնում գործող գլխավոր հյուպատոսությունների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:
Ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության խորհուրդին և քսանյոթ տարիների ընթացքում անցած կարևոր ճանապարհին, ընդգծեց 1918 թվականին՝ Հայոց Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնման կարևորությունը՝ Հայոց պետականության վերականգնման և հայ ժողովրդի վերածննդի համար: Դեսպանը նշեց նաև, որ մի քանի շաբաթից Երևանը մեծ սիրով սպասում է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը ոչ միայն անկախությունից ի վեր, այլև՝ մեր ողջ պատմության ընթացքում Հայաստանում կազմակերպվող ամենամեծ իրադարձությունն է: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերակատարությանը, ինչպես նաև Ֆրանսիայի Նախագահի առաջիկա պետական այցին:
Ելույթով հանդես եկավ նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, ով իր խոսքում կարևորեց հատկապես Երևան և Լիոն քաղաքների միջև 27-ամյա սերտ գործընկերությունը, Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում ֆրանսիական համալսարանների միջև արդյունավետ համագործակցությունը, Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը, որոնք ավելի են խորաց,ում հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամական կապերը:
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր ելույթում ընդգծեց նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի կարևորությունը:
Միջոցառմանը ցուցադրվեցին Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակին նվիրված լուսանկարներ, 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետությանը վերաբերող բնօրինակ փաստաթղթեր: Միջոցառման ավարտին հնչեցին Հայաստանից ժամանած «Գեղարդ» երգչախմբի կատարումները:
ՀՀ ԱԳՆ