Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ում ասում է՝ նրան ընտրենք» սկզբունքով առաջնորդվելը ճիշտ չէ». ՀՅԴ ավագանու թեկնածու

Սեպտեմբեր 21,2018 19:07

«Այս քարոզարշավը ոչ մի բանով չէր տարբերվում նախորդներից, բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում էին իրենց ծրագրերը, բայց միակ անախորժությունը ճամբարների բաժանումն էր, որը մտահոգել է ՀՅԴ-ին»,-Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու թեկնածու Դավիթ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի քսաներեքին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն է Միքայել  Մանուկյանը:  «Մենք մտահոգ ենք ոչ թե նրա, համար, որ ճամբարների բաժանումը կարող է ազդել մեր քվեների եւ քարոզարշավի վրա առհասարակ, այլ համոզված ենք, որ այս ընտրությունները պետք է ավելի համերաշխ մթնոլորտ տեղափոխեն հասարակությանը»,-վստահեցրեց Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ երբ հասարակության շրջանում կան «սեւ» եւ «սպիտակ», «հեղափոխական» եւ «հակահեղափոխական» բնորոշումները, նշանակում է՝ քաղաքական դաշտը պառակտված է գնում ընտրություններին. «Իսկ դա ենթադրում է, որ ընտրություններից հետո հասարակությունն ավելի կպառակտվի: Հասարակությունը պետք է միավորված լինի՝ անկախ նրանից, թե ում ձայն կտան քաղաքացիները»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքների ընթացքում ելույթներին եւ դրանց ազդեցությանը հանրության կարծիքի ձեւավորման վրա, Դավիթ Հակոբյանը նկատեց. «Իշխող ուժը մշտապես թեկնածու ունի, ինչպես այս դեպքում: Բնականաբար, նորմալ է, որ վարչապետն իր ելույթներով պաշտպանում է իր թեկնածուին, բայց ընտրողը պետք է հասկանա, որ չնայած վարչապետի հանդեպ հասարակության դրական վերաբերմունքին, նոր եւ լուսավոր Հայաստանի տեսականը դեռ նկատելի չէ: Դեռ աշխատանք պետք է տեսնենք, առաջընթաց եւ զարգացում»: Ըստ Դավիթ Հակոբյանի՝ «վարչապետն ում ասում է՝ նրան ընտրենք» սկզբունքով առաջնորդվելը ճիշտ չէ. «Թեկնածուի կարողություններին պետք է նայել, որովհետեւ քաղաքապետն է կառավարելու Երեւանը, ոչ թե վարչապետը, նա երկիր կառավարողն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930