Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀԱՕԿ-ի հետ համատեղ Ազատության հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում այսօր տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ էր կազմակերպել:
Aravot.am-ի հետ զրույցում Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանն ասաց. «Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս այսօրվա առիթով: Ամբողջ հայությանը մաղթում եմ բարօրություն, խաղաղ երկինք, մեր փառապանծ Հայոց բանակին՝ ամրություն, մեր հայրենիքի սահմաններին՝ խաղաղություն, մեր մարզիկներին՝ հաղթանակներ մարզական ճակատամարտերում, ինչպես օրերս հայ հունահռոմեական երիտասարդ ըմբիշները աշխարհի առաջնությունում մեկ չեմպիոն եւ երկու արծաթե մեդալ նվաճեցին:
Ինչ վերաբերում է այսօրվա մարզական ցուցադրական ելույթներին, դրանք ավանդույթ ու բավականին արդյունավետ միջոց են դարձել ու մեծապես նպաստում են ազգաբնակչության, հատկապես՝ երեխաների շրջանում առողջ ապրելակերպը եւ սպորտը զարգացնելու առումով:
Փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ այս միջոցառումից հետո զգալիորեն շատանում են ցուցադրվող մարզաձեւերով զբաղվել ցանկացողները, քանի որ այս օրը նրանք ծանոթանում են այս կամ այն մարզաձեւի նրբություններին ու դրանց կիրառական նշանակությանը: Ծնողները մարզիչների, մարզաձեւերի անվանի ներկայացուցիչների հետ տվյալներ, այցեքարտեր են փոխանակում ու հետո իրենց երեխաներին տանում մարզադպրոցներ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ