«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր Գյումրիում, անդրադառնալով ԱԱԾ-ի ՈՒ ՀՔԾ-ի պետեր Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ասաց․ «Սա նախ և առաջ թող դաս լինի մեր բոլոր պետական գործիչների համար, բոլորը պիտի հասկանան, որ բաց կապով գաղտնի տեղեկություն փոխանցել չի կարելի, եթե անգամ այդ բացը կապը ինչ-որ պաշտպանական միջոցներ ունի։
Ինչ վերաբերվում է գաղտնալսմանը, այսօր Հայաստանում պաշտոնապես գործում են ռուսական բանակի գաղտնալսող մեծ կոմպլեքսներ և էսօր հարցեր են բարձրացնում, որ եթե ԱԱԾ պետին լսում են, ուրեմն կարող են լսել պաշտպանության նախարարի հեռախոսը կամ, չգիտեմ, վարչապետի հեռախոսը։ Ոչ թե կարող են լսել, իհարկե, լսում են, ուղղակի բոլոր պաշտոնյաները պիտի հասկանան, որ էդ հեռախոսով չի կարելի գաղտնի ինֆորմացիա փոխանցել։
Բայց հիմա ես ձեզ մի զավեշտալի բան ասեմ․ ռուսները Հայաստանի տարածքում պաշտոնապես, ոչ թե գաղտնի լսում են Հայաստանի ղեկավարների և օտարերկրյա ղեկավարների խոսակցությունները։ Հայաստանը սա թույլատրել է, սա գաղտնի չեն անում։
Նման պարագայում ինքնիշխանության մասին խոսելն ավելորդ է, օտարերկրյա հատուկ ծառայությունը գալիս, նստում և լսում է, թե ասենք Հայաստանի վարչապետն ինչ է խոսում Գերմանիայի կանցլերի հետ։ Եվ զավեշտը դա է, որ մենք թույլ ենք տալիս դա։ Սա ի՞նչ է նշանակում, մոտավորապես եթե ավելի պարզեցնենք խոսակցությունը, ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանին ասում է՝ դու իմ տերն ես, և ես քեզնից ոչ մի գաղտնիք չունեմ, որպեսզի դու իմանաս, ես երբ որ խոսում եմ օտարերկրյա կառավարությունների հետ, քո դեմ ոչ մի բան չեմ անում, որպեսզի դու համոզված լինես, արի, նստի ու լսի, թե մենք ինչ ենք խոսում։
Եթե հիշում եք ժամանակին, երբ, որ Իրանի հետ սահմանի վրա ինչ-որ խնդիրներ կային վերանորոգման, թե ինչ, Հայաստանի նախկին ռեժիմի ներկայացուցիչները հպարտությամբ ասում էին՝ երբ որ Հայաստանը և Իրանը բանակցում են որևիցե հարցում, Ռուսաստանի ներկայացուցիչն էդտեղ նստած է։ Եվ մենք խոսում ենք ինքնիշխանությունից, ռևիզոր են բերել, նստեցրել են հայ-իրանական բանակցությունների մեջ և էսպես հպարտությամբ ասում էր՝ բա ի՞նչ եք ուզում, իրանական սահմանը ռուսներն են հսկում։ Նախ և առաջ հարց էր առաջանում, իսկ ինչո՞ւ են Իրանի հետ սահմանը հսկում ռուս սահմանապահները, այն պարագայում, երբ Հայաստանը վաղուց ունի սահմանապահ ծառայություն՝ ԱԱԾ-ին կցված։
Թույլ ենք տվել, որ ռուսները գան մեր երկրում, տեղակայեն իրենց գաղտնալսման կոմպլեքսները, հետո մտածում ենք՝ ո՞նց մեզ գաղտնալսեցին, վայ էս ինչ եղավ։ Նորից եմ կրկնում, ռուսները մեզ չեն գաղտնալսում, պաշտոնապես են լսում։ Հիմա վերջիվերջո մենք պիտի խելքի գանք ու հասկանանք, խնդիրն այն չէ, թե ռուսներն են կամ ամերիկացիները կամ ճապոնացիները, չի կարելի թույլ տալ որևիցե պետությանը քո պետության ղեկավարների հեռախոսազրույցները լսել։ Լավ, գոնե արժանապատվության խնդիր է սա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ