«Բնականաբար, քարոզարշավն առանց խնդիրների չի անցել, բայց դրանց կանդրադառնանք ընտրություններից հետո»,-Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ասաց «Լույս» դաշինքի առաջնորդներից «Լուսավոր Հայաստան« կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Էդմոն Մարուքյանը չցանկացավ ընտրությունների օրից առաջ խոսել նաեւ այն մասին, թե որքանով է մրցակցային եղել քարոզարշավը: Ինչ վերաբերում է քաղաքապետի իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանին, Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց. «Սեպտեմբերի 23-ին նա ընտրվելու է Երեւանի քաղաքապետ: Նա 40+1% ձայն է ստանալու: Նա, միանշանակ, հաղթող թեկնածու է, նրան հավասար թեկնածու չկա»:
Մարուքյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությանը, թե ներկայիս խորհրդարանն օրինական է եւ պետք է գործի մինչեւ 2022թ.-ը: «Դա նորություն չէ, ՀՀԿ-ականները ասում են, բայց դա բան չի փոխում եւ չի ազդում մեր կարծիքի վրա: Մենք գտնում ենք, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի վերջապես ՀՀ-ում ձեւավորվի այն խորհրդարանը, որն ամբողջությամբ կներկայացնի իրավիճակը եւ մարդկանց տրամադրվածությունները»,-ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ