Այսօր Գյումրու նորաբաց Երկխոսության Մեդիա կենտրոնում մամուլի ասուլիս էին հրավիրել «Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Սերգեյ և Արեգ Կյուրեղյան եղբայրները, Տիգրան Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը։
Գևորգ Սաֆարյանը նշեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցություն են ստեղծում և բազմաթիվ հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ։ Սեպտեմբերի 23-ին Ախուրյանում կբացվի «Սասնա ծռեր» կուսակցության գրասենյակներից մեկը, իսկ սեպտեմբերի 29-ին մայրաքաղաքում կառավարության շենքի մեծ դահլիճում տեղի կունենա «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը։
«Այդ օրվանից կարող ենք համարել, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը դե յուրե գոյություն ունեցող մարմին է»,- ասաց Գևորգ Սաֆարյանը։
Լրագրողները նրանցից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կգնահատեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Տիգրան Մանուկյանը ՀՀ երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը «զառանցանք» որակեց։
«Հասարակության այն շերտը, որը դեռևս գտնվում է ռեժիմի ազդեցության տակ, այդ շերտի վրա ճնշում գործադրելու համար այդպես համացանցով տարածում են, որպեսզի ժողովրդին շեղեն հանուն պայքարի նպատակից, համ էլ որ մոռանա առաջնահերթությունը ու զբաղվի Քոչարյանի հետ վերադառնալու թեմաներն ուսումնասիրելով։ Ինչ-որ տեղ փորձում են վախեցնել այն մասսային, որը գտնվում է Սերժ Սարգսյանի իշխանության ներքո, և տեսնելով, որ կարող է հետ գալ, վախի զգացումով ձայն տա ասենք Հանրապետականին։ Սա հատուկ այդ նպատակով է արվում»,-ասաց Տիգրան Մանուկյանը։
Գևորգ Սաֆարյանն էլ ասաց․ «Քոչարյանը ոչ թե նոր է վերածվել քաղաքական դիակի, միշտ էլ եղել է քաղաքական դիակ։ Կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք՝ բռնատիրությունը դա քաղաքականություն չէ, գալ զորքով, խաբեությամբ, ծեծով, ջարդով, փողով։ Քոչարյանը միշտ էլ եղել է քաղաքական դիակ և այսօր էլ մնում է քաղաքական դիակ։ Եվ հաջորդ դիակին բերել է մարտի մեկով՝ առնվազն տաս մարդ սպանելով, հարյուրավորներին խոշտանգելով ու բանտարկելով, հազարավորներին քշելով սեփական երկրից ։
Առնվազն մարտի մեկի շրջանակում հազարավորներին, իսկ հարյուր հազարավորների ճակատագրերը խեղել է։
Թող սահմանափակվեն այն բարիությամբ, որը որ ունի այսօրվա իշխանությունը, որ իրենք անգամ բանտարկված չեն»։
Արեգ Կյուրեղյանն էլ ասաց․ «Երբ որ Գյումրիում էրեխեքը հաց չէին ունենում ուտելու, էդ կադրերը կան համացանցում, ու ստիպված իրենց էրեխեքին տանում էին գիշերօթիկ, որովհետև տանը հաց չկար ուտելու, էդ էրեխեքն ասում էին ՝ մենք ուզում ենք մնալ տանը, հաց չուտենք, բայց չգնանք գիշերօթիկ։ Այդ էրեխեքի հացը կերել է Ռուբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատժվի, ու դա հայ ժողովրդի արժանապատվության հարցն է։ Եվ դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի խնդիրն է, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ