Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման դեպք երբեւիցե չի եղել, դա պարզապես շահարկումներ են». Լյովա Մնացականյանը՝ բանակում վառելիքի չարաշահումների մասին

Սեպտեմբեր 21,2018 17:17

Այսօր լրագրողների հետ զրույցում Արցախի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը սահմանում իրավիճակը գնահատեց կայուն հանգիստ. «Իհարկե, որոշակի խախտումներ լինում են եւ այդ խախտումները հիմնականում սահմանափակված են կրակոցներով հրաձգային զենքերից, այն էլ մանր տրամաչափի: Կարելի է ասել, խոշոր տրամաչափերով ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք, որ այդ խախտումներին եւս նպատակային պատասխան տանք, եթե դրա անհրաժեշտությունը կա, բայց ընդհանուր գնահատմամբ՝ իրավիճակն է կայուն, հանգիստ»: Մնացականյանը վստահեցրեց, որ մշտապես մեր կողմը պատասխանում է, բայց՝ տեղին. «Անտեղի կրակոցներին պատասխան չենք տալիս, պետք է զուտ նպատակային լինի»:

Արցախի ՊՆ նախարարը վստահեցրեց, որ այսօր մեր ունեցած սպառազինությունը, ռազմական տեխնիկան բավարար է՝ հակառակորդին անհրաժեշտ պատասխան տալու համար: Նա ասաց, որ զինանոցը լրացնում են նոր զինատեսակներով, եւ 2016-ի համեմատ շոշափելի առաջընթաց ունենք այս առումով:

Լյովա Մնացականյանը նաեւ նշեց, որ բանակի վերաբերյալ բողոքներին միշտ ուշադրություն են դարձնում. «Բանակն այնպիսի մի ուղղություն է, որ միշտ պետք է կատարելագործվի: Իհարկե, լինում են նաեւ տեղերից բողոքներ, այդ թվում ծնողներից՝ մի մասը անանուն, մի մասը՝ հասցեական: Աշխատում ենք այդ բոլոր բարձրացված հարցերին արձագանքենք, ստուգումներ իրականացնենք: Լինում են դեպքեր, որ համապատասխանում են, բայց դա եզակի դեպքեր են, հիմնականում չեն համապատասխանում: Սննդի տեսականին ապրիլի 9-ից արդեն փոփոխությունների է ենթարկվել: Արդեն ունենք 4 տեսակ նոր սնունդ, արդեն զորքը ստանում է նոր տեսակները, իսկ չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, բոլոր տեղերում էլ լինում են: Եթե մենք գործ ունենք մարդու հետ, մարդը կարող է սխալվել: Միշտ էլ դրան ուշադրություն է դարձվում եւ միշտ էլ բացահայտումներ լինում են՝ ե՛ւ նախկինում է եղել, ե՛ւ հիմա կա, միշտ էլ արվում է»: Հարցին՝ նոր իշխանությունների օրոք բան չի՞ փոխվել՝ նախարարը պատասխանեց, որ իհարկե, փոխվել է, ամեն օր էլ բանակում մի բան փոխվում է. «Այսօրվա մեր ունեցածը մեզ վաղը ձեռք չի տալիս, պետք է զարգացնենք բոլոր ուղղությամբ՝ կլինի թիկունքային, կլինի տեխնիկական, կլինի ուսուցում, կադրերի պատրաստություն: Բոլոր առումով էլ առաջընթաց միշտ էլ գրանցվում է: Վերահսկողությունը ուժեղացվել է, կատարվում է համապատասխան մարմինների կողմից, հրամանատարների կողմից, բոլորի կողմից էլ վերահսկվում է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այն կոռուպցիոն երեւույթները, որոնք հայտնաբերվեցին բանակում՝ վառելիքի չարաշահման եւ այլ, գեներալ Մանվելի հետ կապված դեպքը, դրանք ի՞նչ ազդակ հաղորդեցին բանակին՝ Լյովա Մնացականյանը պատասխանեց. «Վառելիքի հետ կապված չարաշահումներ ես չգիտեմ՝ եղե՞լ է, թե՞ չի եղել, եթե գիտեք, կոնկրետ ասեք՝ որտե՞ղ, ո՞ւմ կողմից: Նման չարաշահումներ զուտ վառելիքի չի եղել, ուստի տարբեր բաներում հնչեցվում է, իբր թե ապրիլին ջուր է եղել, նման բան չի եղել, բոլոր մեխանիկ-վարորդները զորացրված են հիմա, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդվեն, բոլորի տեղերը գիտեք՝ կարաք հատ առ հատ ներկայանաք ու հարցնեք՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման դեպք երբեւիցե չի եղել, դա պարզապես շահարկումներ են, չգիտեմ ում կողմից, ինչ նպատակներ է հետապնդում, նան բան երբեւիցե չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930