Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտակա ընտրությունները պետականակերտման մի մասն են, մեծագույն նշանակություն են ունենալու». Մհեր Շահգելդյան

Սեպտեմբեր 21,2018 16:56

«Նորմալ, դրական եմ գնահատում քարոզարշավը: Բոլոր քաղաքական ուժերը կարողացան ներկայացնել իրենց տեսակետներն ու մոտեցումները յուրաքանչյուրին իր տարբերակով ու ձևով»,-Նուբարաշենում գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ այսպիսի կարծիք հայտնեց ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, ՕԵԿ-ը քայլարշավ սկսեց Կենտրոնի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից: Այնուհետև ՕԵԿ-ականներն անցան բակեբակ, հանդիպեցին բնակիչներին, լսեցին նրանց դժգոհություններն ու խնդիրները:

Մհեր Շահգելդյանը, շնորհավորելով Անկախության տոնի առթիվ, հայտարարեց. «Այսօր ստեղծվել են բոլոր հնարավորությունները մեր երկրի, պետության զարգացման, հզորացման և ժողովրդավարության հաստատման համար: Մոտակա ընտրությունները պետականակերտման մի մասն են, դրանք մեծագույն նշանակություն են ունենալու մեր այն նպատակների իրագործման համար, որոնք դրված են անկախության գաղափարի փիլիսոփայության հիմքում»:

Այնուհետև ՕԵԿ անդամներն այցելեցին Նուբարաշեն: Մհեր Շահգելդյանը Նուբարաշենի խնդիրներից առանձնացրեց աղբավայրի հարցը. «Այս խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված՝ չնայած արտասահմանյան կազմակերպություններից կան ներդրումների առաջարկություններ: Սա առաջնային խնդիր է, որն արագ լուծում է պահանջում: Մենք մեր ուժերը ներդնելու ենք՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի լուծենք այս հարցը»:

Մհեր Շահգելդյանը նաև շեշտեց տրանսպորտի խնդիրը. «Տրանսպորտի հարցը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է լինելու: Հրատապ կերպով որոշ տրանսպորտային գծեր կերկարացվեն մինչև համալիր լուծում լինի»:

Քարոզարշավի հետ կապված թեև Մհեր Շահգելդյանը դրական արտահայտվեց, բայց նաև փաստեց՝ եղան սև փիառի, հակաքարոզչության առանձին դեպքեր. «Դա ընդհանուր պատկերը չի նսեմացնում: Առավել մեծ չափով դրանք համացանցում առանձին ֆեյքեր են, որոնք իրենց միգուցե կյանքի առաքելությունն են դիտարկում նման գործելաոճը: Սա իրենց խղճի հարցն է»:

Մհեր Շահգելդյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ իրենց շանսերը բարձր են գնահատում, ինչի մասին վկայում են բնակիչների հետ հանդիպումներն ու նրանց տրամադրվածությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930