«Քարոզարշավը մրցակցային էր: Դա են վկայում մասնակից-կուսակցությունների թիվը, ցուցակներում տեղ զբաղեցնելու համար վեճերը, բանավեճերը: Այս ամենը կարեւոր է եւ խոսում է հեղափոխության կապիտալիզացիայի մասին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ամփոփելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը՝ ասաց ՀՀ անկախության տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ նշյալը ենթադրում է նաեւ, որ մարդիկ հույս ունեն ինչ-որ բանի հասնել առանց հովանավորչության:
https://www.youtube.com/watch?v=hOj9gHQ_MTY
Զեյնալյանի բնորոշմամբ՝ ընտրարշավում կային նաեւ որոշ բացասական դրսեւորումներ. «Հուսանք՝ հաջորդ ընտրությունների ժամանակ դրանք կհարթվեն»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «վերջին օրերին քաղաքական դաշտի լարված մթնոլորտը խաղաղվե՞լ է»: Զեյնալյանը միայն իրենց դաշինքի անունից ասաց. «Մենք մեծահոգի ենք եւ շատ ամուր»:
Արտակ Զեյնալյանը «Եռաբլուրում» հանդիպեց նաեւ մարտական ընկերներին, նրանց եւ դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի հետ ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմի եւ ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից-հերոսների շիրիմներին:
https://www.youtube.com/watch?v=pFFyYYSwlXs
«Մենք շահագրգռված ենք ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավմամբ, ուստի աշխատելու են նրանց բնակարանային խնդիրները լուծելու ուղղությամբ»,-լրագրողներին ասաց Զեյնալյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ