Այսօր նախագահի նստավայրում Անկախության տոնի առթիվ պետական պարգեւներով պարգեւատրման արարողությանը մասնակցում էր նաեւ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե սահմանում իրավիճակն ինչպիսին է: Նախարարը պատասխանեց. «Սահմանները հարաբերական կայունություն ունեն, մենք որոշ գործողություններ ենք իրականացրել, որի արդյունքում ե՛ւ հյուսիսային սահմանում, ե՛ւ պաշտպանական բանակում այս պահին հարաբերական կայուն է»:
Խոսելով Անկախության տոնի մասին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ սա ամենաբաղձալի տոնն է. «Սրանից ավել ես որեւիցե մեկ այլ տոն, որը նշում է պետականությունը, քաղաքական առումով չեմ տեսնում»:
Հարցին՝ հաճախ նշվում է, որ ամեն դեպքում կիսանկախ է Հայաստանը՝ նախարարը միանգամից արձագանքեց՝ «Չկա տենց բան: Մենք 1991-ի սեպտեմբերի 21-ին ձեռք ենք բերել անկախություն եւ ինքնակառավարվում ենք շատ ազնիվ կերպով: Բոլոր քաղաքական փոփոխությունները, վայրիվերումները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում ենք մեր անկախությունը»:
Դիտարկմանը, թե մեր երկիրը փոքր է ցավոք, ի վիճակի՞ է դիմակայել արտաքին մարտահրավերներին՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Մեր երկիրը ոչ թե ցավոք, մեր երկիրը ինչքան կա՝ այնքան կա, մենք դիմագրավում ենք, նաեւ ազդում ենք բոլոր գործընթացների վրա»:
Հարցին՝ մենք երազում ենք ոչ թե երկու հայկական պետության, այլ միասնական Հայաստանի մասին, դուք միասնական Հայաստանին կողմնակի՞ց եք՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես արդեն միասնական Հայաստանն եմ կառուցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ