Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր զինվորին հանեմ, որ իրան ընդունեմ». Վիրավոր զինվորի մորը պատասխանել են հիվանդանոցից՝ մերժելով

Սեպտեմբեր 21,2018 16:30

Այսօր նախագահի նստավայրում Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանը Արիության մեդալ ստացավ նախագահի կողմից: Նրա մայրը, տեսնելով ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, մոտեցել ու դժգոհել էր, որ որդու բուժումն արդեն 4 ամիս է՝ ընդմիջվել է, կիսատ են թողել, Վերականգնողական կենտրոնում պատճառաբանում են, թե տեղ չկա: Մինչդեռ, ըստ զինվորի մոր, որդու վիճակը վատանում է, մկանները մեռնում են: Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանը գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել:

Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Պողոսյանի մայրը՝ Գայանե Ասատրյանը, մեր հարցին, թե ինչպե՞ս արձագանքեց Դավիթ Տոնոյանը, դա նրա համար անակնկա՞լ էր՝ պատասխանեց. «Ինքը չասաց, որ դա անակնկալ է, ասաց՝ հնարավոր է, որ փուլ առ փուլ լինի: Մենք պայմանագիր ենք կնքել իրենց հետ, բայց այսպես երկար արձակո՞ւրդ…ասաց՝ չգիտեմ: Ասաց՝ մի հատ կհետաքրքրվենք, անպայման ձեզ կզանգահարենք, կասենք»: Մենք հետաքրքրվեցինք, թե վերականգնողական կենտրոնում ի՞նչ են պատասխանում, երբ դիմում են՝ տիկին Ասատրյանը պատասխանեց, որ երբ զանգում են, ասում են՝ տեղ չկա. «Կոնկրետ Հայկուհի Մինասյանին եմ զանգել, ասել է՝ տեղ չկա, կլինի՝ կասենք, սպասեք, սպասեք: Վերջին անգամ զանգեցի՝ ասաց՝ ո՞ր զինվորին հանեմ, որ իրան ընդունեմ: Ես էլ ասացի, որ զինվորին մի հանեք, ուղղակի այնպես արեք, որ բոլորն էլ անպայման օգտվեն այդտեղից: Դրանից մի շաբաթ հետո զանգեց, ասաց՝ մեքենա չկա, մեքենա կլինի, կզանգենք ձեզ կասենք: Մեքենայով պետք է վիրավոր տղաներին, զինվորներին տանեն, բերեն, ես ասեցի լավ, բայց ուղեգիր եմ վերցրել, որ 24-ից Կարմիր Խաչում գնա պառկի»:

Հարցին՝ այս 4 ամսվա մեջ, որ ընդմիջվել է բուժումը, ի՞նչ փոփոխություններ եք նկատել՝ մայրը պատասխանեց, որ քայլվածքն է փոխվել, բայց խոսքի մեջ դրական տեղաշարժ կա. «Քայլքով, ձեռքի մասաժներով պետք է մասնագետը զբաղվի, ես չեմ կարող տանն իր հետ զբաղվեմ, բայց խոսքով ես զբաղվում եմ տանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930