Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրություններն են. ի՞նչ են առաջարկում թեկնածուները Երեւանը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մայրաքաղաքում բիզնեսին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, արդյոք նախընտրական ծրագրերը կենսունա՞կ են: Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում այս եւ այլ հարցեր են քննարկել «Լույս» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Խաժակյանն ու «Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Արմեն Հովհաննիսյանը:
Նելլի Բաբայան.– «Լույս» դաշինքն իր նախընտրական ծրագրում գրել է՝ «Բիզնես Երեւան», մանրամասնեք խնդրեմ, ի՞նչ եք նախատեսում անել: Արդյոք ավագանին ունի՞ այնպիսի լծակներ, որոնք կարող են ապահովել քաղաքապետարանի եւ բիզնեսի համագործակցությունը խնդիրների լուծման ուղղությամբ:
Դավիթ Խաժակյան.- Նախ՝ պետք է ասեմ, որ քաղաքն ունի որոշակի լիազորություններ բիզնես միջավայրի վրա ազդելու, եւ դրանց սկիզբը դրվում է մայրաքաղաքի կողմից տրվող բազմաթիվ թույլտվությունների առումով, եւ կարծում եմ՝ այստեղ վարչարարության պարզեցման խնդիր ունենք: Որովհետեւ այսքան ժամանակ այդ գործարքներն իրականացվել են կոռուպցիոն տրամաբանությամբ եւ տրվել են թույլտվություններ այն տնտեսվարողներին, որոնք եղել են արտոնյալ, եւ դա բերել է անհավասար պայմանների: Այժմ սա պետք է վերանա, եւ բացի այդ, ընթացակարգերը պետք է լինեն թափանցիկ եւ հավասար՝ սկսած մրցույթներից, վերջացրած այն դիմումներով: Կոնսերվատիվ լուծումներով դժվար կլինի քաղաքում զարգացնել բիզնես միջավայրը: Մեր առաջարկն է՝ մշակել օրենսդրական նախաձեռնություն, որով հնարավորություն կտրվի վարչական շրջաններին գոտիավորել այն տարածքները, որտեղ կա պոտենցիալ բիզնեսը զարգացնելու, բայց չկա խթան դա իրականացնելու համար, եւ այդ տարածքներում սահմանել հարկերից ազատման գոտի, որտեղ տնտեսվարողները կկարողանան իրեն գործունեությունն ազատորեն իրականացնել, եւ այդ հատվածը զարգացման միտումներ կցուցաբերի: Խոսքը վարչական շրջանների մասին է՝ Կենտրոնից դուրս, որտեղ զարգացումը կանգնած է, եւ բարդություններ են առաջանում ծառայություններ մատուցելու տեսանկյունից:
Ն. Բ.– Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ տրամաբանությամբ եք տարբերակում դնելու ասենք՝ Աջափնյակի եւ Արաբկիրի միջեւ:
Դ. Խ.- Խոսքը այն շրջանների մասին է, որտեղ երկար ժամանակ ներդրումներ չեն իրականացվել: Օրինակ՝ Էրեբունի վարչական շրջանում շինարարությունը շատ վատ վիճակում է, կարելի է ասել՝ շինարարություն չի իրականացվում՝ բազմահարկ, բազմաֆունկցիոնալ շենքերի, փոխարենը դա իրականացվում է Փոքր Կենտրոնում, որտեղ դա չպետք է արվեր: Մենք կարծում ենք՝ եթե քաղաքը արտոնություններ սահմանի, դիցուք, Էրեբունիում շինարարություն իրականացնելու տեսանկյունից, դա լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսվարողների համար, որպեսզի մտածեն իրենց ներդրումներն անել այնտեղ, ոչ թե Կենտրոնում: Քաղաքի համաչափ զարգացման մեր այս տեսլականը կյանքի կոչվելու միտումներ կցուցաբերի: Պետք է լրացուցիչ խթաններ ստեղծել բիզնես միջավայրը բարելավելու համար, որի նախապայմանը կոռուպցիայից զերծ վարչարարությունն է, 2-րդը՝ նման խթանների ձեւավորումը:
Ն. Բ.– Պարոն Հովհաննիսյան, Դուք ի՞նչ առաջարկ ունեք Երեւանում բիզնեսին աջակցելու, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռներեցներին:
Արմեն Հովհաննիսյան.- «Երեւանցիների հանրություն» դաշինքի աշխարհայացքը ներառական ընդհանուր քաղաք ստեղծելն է: Բնականաբար, գործարար մարդը շատ մեծ նշանակություն ունի քաղաքի համար՝ ե՛ւ աշխատատեղերի, ե՛ւ ենթակառուցվածքների տեսակետից, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները, բայց մենք բազմաթիվ դեպքեր ենք տեսնում կոռուպցիոն ենթատեքստով, գուցե որոշ դեպքերում՝ ցածր մշակույթի, բիզնեսին այդ առաջնայնությունը տրվում է հանրության հաշվին: Օրինակ՝ այդ խայտառակ շինարարության մեծ մասը, այդ բոլոր զբոսայգիները սրճարանների վերածելը, դա էլ է, չէ՞, բիզնեսին աջակցելու ծրագիր: Մեզ համար համայնքը որպես ամբողջություն՝ իր աշխատավոր դասով, ավելի կարեւոր է, քան բիզնեսի շահերը: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ բիզնեսին չպիտի տրվեն առավելագույն բաց պայմաններ: Ինչպես ասաց գործընկերը՝ կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն, եւ մենք տեսնում ենք դրա լուծումը պրոցեսների օբյեկտիվացման, բոլորի համար օբյեկտիվ, հավասար պայմաններ դնելու մեջ, որպեսզի ցանկացած չինովնիկի, քաղաքապետարանի, նույնիսկ ավագանու սուբյեկտիվ գործոնը լինի սահմանափակ: Օրինակ՝ որտեղ հնարավոր է՝ էլեկտրոնային գրանցում ապահովել դիմումների համար եւ դրանց հետեւել, որտեղ հնարավոր է՝ 20-30 հարցադրումների պատասխանով տրվի որոշում, պետք է ստեղծվի համակարգ, որ այդ որոշումը տրվի՝ առանց հաշվի առնելու, թե ով է այդ ՍՊԸ-ի տերը: Ֆորմալ կլինեն պահանջներ, որոնք պետք է իրականացվեն՝ ով ավելի լավ առաջարկ կանի՝ գին, որակ: Մյուսը թափանցիկությունն է, ես կարծում եմ՝ մենք 2 տարում կարող ենք հասնել նրան, որ հեռախոսից, սմարթֆոնից՝ խելացի հեռախոսից ցանկացած երեւանցի կարող է հետեւել բյուջեի ծախսերի բոլոր գործընթացներին, մրցույթների գործընթացներին:
Ն. Բ.- Հիմա էլ է կարծես այդպես՝ ներկայացնում են ծախսերն ու գնումները:
Ա. Հ.- Ոչ, այդպես չէ, որովհետեւ շատ գրանտային ծրագրեր մտցվում են, բայց երբ նայում ես, թե ինչպես է բազմաթիվ տեղեր մեկ ընկերություն մասնակցում, կամ ընկերություն, որի ամբողջ գործառույթն այդ մրցույթներին մասնակցելն է եւ տպավորություն ստեղծելն է, որ այնտեղ մի քանի հոգի են, եւ վերջին պահին դուրս գալը կամ հայտը գրավիչ չներկայացնելը, հասկանալի է, որ թափանցիկ կառավարման ժամանակ սեւ ցուցակ կարելի է գցել: Մենք երեւի միակն ենք, որ կոչ ենք անում, բացի նրանից, որ մասնավոր ձեռներեցը ներդրումներ անի, համայնքն ինքը պետք է մասնակցի համայնքային տնտեսության զարգացմանը: Մեր ծրագրում կա վերելակների գործարան, կա էլեկտրաշարժիչներով տրանսպորտի հավաքման գործարան եւ այլն: Դա հնարավորություն կտա մի կողմից՝ համայնքին ինչ-որ մաս «փայ» ունենալ, մինչեւ 100 տոկոս, կարող է շատ ավելի քիչ լինի, այսինքն՝ մեծ մասը տրվի բիզնեսին, մյուս կողմից՝ համայնքը ցածր ինքնարժեքի ձեւավորմանն է մասնակցում քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների:
Ն. Բ.- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձավ անհատ տաքսի վարորդների խնդիրներին: Նա ասաց, որ արդեն մոտ են այն որոշմանը, որ անհատ տաքսիների վարորդները կարող են ազատվել բոլոր տեսակի հարկերից: Նախորդ իշխանությունները տաքսիստների հարկային բեռը թեթեւացրել էին, սակայն նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անում: Անհատ տաքսի վարելը կարելի է համարել բիզնեսի մի տեսակ, գերմանր բիզնես, ինքնազբաղվածություն: Նախընտրական շրջանում վարչապետի, որը մասնակցում է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, հայտարարությունը թեեւ քարոզարշավին չի եղել, այդ հայտարարությունն արդյոք անհավասար պայմաններ չի՞ ստեղծում այլ ուժերի համար, եւ արդյոք նման որոշումը խտրական պայմաններ չի՞ ստեղծում այլ տեսակի գերմանր բիզնեսի կամ ինքնազբաղվածների համար, ասենք՝ ժամագործների, կոշկակարների, դերձակների եւ այլն:
Դ. Խ.- Նախ՝ սկսեմ հարցի քաղաքական մասից. իհարկե, դա իր ազդեցությունը կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ տաքսու վարորդները բազմապատկիչներ են, թիրախային զանգված են, որոնք անընդհատ շփվում են տարբեր մարդկանց հետ, եւ բնականաբար իրենց հնչեցրած գովազդը որեւէ քաղաքական ուժի նկատմամբ մեծ բոնուս է տվյալ քաղաքական ուժին: Կառավարության մակարդակով հնչեց նման հայտարարություն, որը օրենսդրությանը չի հակասում, հետեւաբար իրավական առումով գնահատական չեմ կարող տալ: Մրցակցության առումով, այո, դա բոնուս էր կառավարության կողմից տրված նույնանուն ուժին, որը մասնակցում է ավագանու ընտրություններին: Ինչ վերաբերում է այս կարգավորմանը՝ Երեւանում տաքսիները փոխարինում են ոչ թե անհատ մարդատար մեքենաներին, ինչպես ամբողջ աշխարհում է, այլ փոխարինում են հանրային տրանսպորտին: Եվ վերջիններիս ծառայության մակարդակն ու արժեքը բավականաչափ ցածր են: Այս օրենսդրական նախաձեռնությամբ այս իրավիճակն էլ ավելի է խորացվում, եւ եթե մենք ունեինք հնարավորություն տաքսիների մակարդակը բարձրացնելու մինչեւ հանրային տրանսպորտի վիճակն էլ կբարելավվեր, հիմա տաքսիստներին ասում են՝ վարեք՝ ինչ պայմաններում ուզում եք, վարեք՝ ինչ մեքենա ուզում եք, մի հատ տաքսու նշան դրեք մեքենայի վրա եւ վարեք՝ ինչպիսի ծառայություն, որ ուզում եք: Ըստ էության կառավարությունը լվանում է ձեռքերը՝ տաքսիների դաշտը կարգավորելու փոխարեն: Իհարկե, հասկանալի է, որ տաքսիները գործել են ոչ հարկման դաշտում, եւ սա փաստացի իրավիճակի արձանագրումն է, բայց կարծում եմ, որ պետք է գնայինք այն տրամաբանությամբ, որ ձգտեինք բարձրացնելու սպասարկման ոլորտն այս հարցում, որովհետեւ տաքսիների քանակը մեծ է, ազդեցություն ունի մարդկանց ամենօրյա կենսակերպի վրա, դաշտը կրկին աղավաղվում է… Այն մարդիկ, որոնք կմտածեին՝ որ ոլորտ գնային աշխատելու, կտեսնեն, որ տաքսու ոլորտն է ազատված հարկերից, կգնան տաքսի վարելու, հետո դրա պահանջարկը կնվազի, կասեն՝ մենք գործազուրկ ենք: Պարզապես, պետք էր բիզնեսի բոլոր ոլորտներին, ՓՄՁ-ին ապահովել հավասար պայմաններով:
Ա. Հ.- Իմ խորին համոզմամբ՝ փոքր բիզնեսի ֆիսկալ նշանակությունը շատ ցածր է, եւ առաջին հերթին դա ենթակառուցվածքային նշանակություն ունի, պետք է լինի շատ մեղմ եւ խրախուսող վերաբերմունք բոլոր բիզնեսներին՝ ե՛ւ տաքսու վարորդներին, ե՛ւ ժամագործներին եւ այլն… «Իմ քայլի»-ի նախընտրական ծրագրում էլ կա տրանսպորտի բարելավումը: Այսինքն՝ խոսել, թե մենք բարելավելու ենք, հույս տալ մարդկանց, որ Երեւանում հազարավոր տաքսիները մնալու են, դա մարդկանց հուսախաբ անելու շատ արագ ճանապարհ է, որովհետեւ եթե բարելավվելու է տրանսպորտը, կորցնելու են եկամտի միջոցը: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին՝ ես կառավարությանը խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել հացի խանութներին, այնտեղ էլ են շատ մարդիկ մտնում, օրինակ՝ հայտարարել՝ հացի խանութները հարկ չեն վճարելու: Սա հերթական ոչ ինստիտուցիոնալ, պոպուլիստական մոտեցումն է, որը մեր մոտեցումներին հակառակ է: Մենք կարծում ենք՝ մարդկանց հետ պետք է լինել ազնիվ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
21.09.2018