Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը իր նստավայրում լրագրողների հետ զրույցում խոսելով անկախության տարիների ձեռքբերումների ու թերացումների մասին, ասաց, որ մեր կյանքը խորն է, թերացումները պետք է հաղթահարվեն, այսօր ուրախության օր է, պետք է հիշենք մեծ հաղթանակները. «Մեծ հաղթանակ էր ժողովրդի կողմից իր ուժը ցուցադրելը 27 տարի առաջ, այն համբերության, ներքին զգացման եւ էներգիայի պոռթկումը, որ 1988-ից սկսվեց՝ ղարաբաղյան շարժումից եւ խոսել ինչ-որ մանր խնդիրներից չարժի: Հիշեք, որ դուք ժողովուրդ եք, հայեր եք, ոչ թե 27 տարի է, որ գոյություն ունի, այլ՝ հազարամյակներ»:
Հարցին՝ ժողովուրդն իր ուժը ցույց տվեց նաեւ հեղափոխության օրերին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, սա ե՞ւս անկախության ձեռքբերում կարելի է համարել՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Եթե հետ տանեինք մեզ 27 տարի առաջ, Սովետական միության քաղաքացիներ էինք, ազատության, անկախության զգացումները մեր ժողովրդի մեջ եղել են միշտ՝ նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ամենավատ տարիներին՝ 1937 կամ մինչեւ 1953 թվականը: Շատ հայեր իրենց կյանքն են տվել գաղափարի համար, մեկ բառի համար եւ այդ մեկ բառը կապված է եղել հայրենիքի, ազատության եւ մարդկային բարձր գաղափարների հետ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ առջեւում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն են եւ քաղաքապետի թեկնածուները քաղաքական դաշտը սեւ-սպիտակի են բաժանում, դուք մտահոգություններ չունե՞ք մեր քաղաքական դաշտի եւ հանրության համար: Նախագահը պատասխանեց՝ որպես ֆիզիկոս. «Երկու գույն նշեցիք՝ սեւ եւ սպիտակ, բայց իրականում սպիտակ գույնը մի գույն չի, ֆիզիկայից անցել եք, սպիտակ գույնը բոլոր գեղեցիկ գույների՝ կարմիր, վարդագույն, բոլորի համախմբվածությունն է, սպիտակ չենք ունենա, եթե չհամախմբենք բոլոր գույները, նույնիսկ սեւը»:
Հարցին՝ այդ առակն ի՞նչ կցուցանե՝ նախագահը պատասխանեց, որ դա թողնում է մեզ, բայց պարզ բացատրություն ունի՝ «Մեր ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել: Մեր ազգային հաջողությունների գրավականը լինելու է, որ մեր երկիրը միասնական լինի բոլոր դեպքերում: Կարող ենք ունենալ ամենառադիկալ կարծիքները՝ իրարից տարբերվող, հյուսիսից հարավ, 180 աստիճանով իրարից տարբերվողից, բայց միեւնույն է, պետք է հարգենք իրար, ունենանք այն շնորհը, որ կոչվում է հանդուրժողականություն եւ գումարած ազատություն: Ազատություն պետք է ունենալ արտահայտվելու եւ ունենալ այն մշակույթը ներսում՝ լսելու: Եթե չունես լսելու ունակություն, մի սպասիր, որ քեզ նույնպես կլսեն»:
Հարցին՝ երկրորդ նախագահը մտահոգություններով հանդես եկավ, քննադատություններով, կիսո՞ւմ եք նրա մտահոգությունները՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Մտահոգություններ ես միշտ ունեմ, որովհետեւ նախագահի պարտականություններից մեկն այն է, որ անընդհատ պետք է մտահոգություններ ունենա, բայց ոչ թե պետք է իր ցանկացած զգացական մտահոգություններն արտահայտի, այլ պետք է երկրին նախապատրաստի վատթարագույն իրավիճակների համար: Երկրորդ նախագահի հարցերը կտաք երկրորդ նախագահին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Որպէս ֆիզիկոս՝ լաւ բացատրեցիք «սպիտակ գոյնը»: Բայց «սեւի» բացատրութիւնը դուրս չեկաւ 🙂
– – –
Երկիր Հայրենի, Աստուած անսասան պահի անկախութիւնդ: Այս բովանդակ տիեզերքում չկայ աւելի քաղցր բան, քան ազատութիւնն է: